Աշակերտները Գիտությունների ազգային ակադեմիայում

2007-12-18

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի ունեցավ 2006-2007 ուսումնական տարվա ընթացքում միջազգային և հանրապետական օլիմպիադաների հաղթող աշակերտների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Հանրակրթական դպրոցների 30 աշակերտներ, մասնակցելով տարբեր երկրներում կազմակերպվող առարկայական միջազգային օլիմպիադաների, արժանացել են 4 արծաթե և 5 բրոնզե մեդալների, ինչպես նաև 14 դիպլոմների, պատվոգրերի ու գովասանագրերի:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ողջունելով ներկաներին ու շնորհավորելով հաղթողներին, թիմերի ղեկավարներին ու մանկավարժներին, նշեց, որ կրթության և գիտության նախարարության ու Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից կազմակերպվող տարեվերջյան այսպիսի արարողություններն արդեն դարձել են բարի ավանդույթ: «Մեր աշակերտների հաղթանակները մեկ անգամ ևս հաստատում են, որ Հայաստանի Հանրապետությունը եղել և մնում է գիտակրթական տարածք, որի զարգացման ներուժն այսօր ակնհայտ է»,- ասաց նախարարը:

ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանն իր խոսքում հույս հայտնեց, որ ներկա աշակերտներից շատերը հետագայում իրենց արժանի տեղը կգտնեն գիտության բնագավառում, ինչպես նաև հայտարարեց, որ 2008 թվականին Հայաստանում կկազմակերպվի Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված աստղագիտության օլիմպիադա, որի հաղթողին հատուկ մրցանակի կարժանացնի նաև Գիտությունների ազգային ակադեմիան:
Արարողության ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից նվերներ հանձնվեցին միջազգային օլիմպիադաների մասնակիցներին, հանրապետական օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմներ ստացած աշակերտներին, թիմերի ղեկավարներին ու մանկավարժներին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։