Ամանորին թատրոններն ունեցել են 54802 հանդիսատես

2020-01-15

Ամանորի տոնական օրերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը: 2019 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը Հայաստանում գործող թատրոններ այցելել է 54802 մարդ, որից 51014-ը գնել է տոմս, 3788-ը՝ ներկայացել հրավիրատոմսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 43048 մարդ (40394 գնված տոմս, 2654՝ հրավիրատոմս):

«Շատ ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը մեր քաղաքացիներն ու զբոսաշրջիկները դրական ընկալեցին: Ամանորն ընտանեկան տոն է, և ոգևորիչ է, որ շատերը գերադասել են այս տոնական օրերն իրենց ընտանիքի անդամների հետ անցկացնել մշակութային հաստատություններում»,-նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարության ենթակայությամբ գործող Երևանի և մարզերի թատերահամերգային հաստատությունները՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական, Պետական կամերային երաժշտական, Երևանի խամաճիկների պետական, Ս. Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնները և Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը ներկայացումներով հանդես են եկել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար:

Մասնավորապես, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ցուցադրված «Ալադին», Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` «Բրեմենյան երաժիշտները» և Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` «Մանչուկն ու Կառլսոնը» ներկայացումները երեխաների համար Ամանորը դարձրել են առավել հետաքրքիր և կախարդական:

Հիշեցնենք, որ այս Ամանորին՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններն ունեցել են ընդհանուր 14662 այցելու, որից 2746-ը՝ մինչև 18 տարեկան:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։