Քննական նորություններ

2007-11-30

 «Կրթության մասին» ՀՀ օրենքով կառավարությունը մինչև դեկտեմբերի 1-ը պետք է պաշտոնապես հրապարակի  պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Այդ նպատակով այսօր ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Բագրատ Եսայանը հրավիրել էր մամուլի ասուլիս, որտեղ նա ներկայացրեց հաջորդ տարի դիմորդներին սպասվող նորությունները:

Փոփոխություն է կատարվել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդունելության քննությունների ցանկում: Որոշ ֆակուլտետներում «աշխարհագրություն» կամ «օտար լեզու» առարկաների կամընտրական քննության հնարավորություն դիմորդներն այլևս չեն ունենա: Նրանց համար հավասար մեկնարկային պայմաններ ապահովելու նպատակով «աշխարհագրություն» առարկայի քննությունը հանվել է: Բոլոր դիմորդները որպես երրորդ քննություն միասնական համակարգով կհանձնեն «օտար լեզու»: Դիմորդները չեն հանձնելու նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվելու համար նախատեսված «ռուսաց լեզու» ստուգարքը:

Ինչպես արդեն հայտարարվել է, այս ուսումնական տարվա ավարտին միասնական և ավարտական քննություններ կանցկացվեն  «մաթեմատիկա», «հայոց լեզու, գրականություն» և բոլոր  «օտար լեզուներ» առարկաներից: Համապատասխան ուղեցույցների մեծ մասն արդեն հրատարակված են, և սկսվել է դրանց բաշխումը դպրոցներին: Փոխնախարարը հատուկ ընդգծեց, որ պետբյուջեի միջոցներով հրատարակված ուղեցույցներն ավարտական դասարանի յուրաքանչյուր աշակերտի պետք է տրվեն անվճար: Նախորդ տարիների շրջանավարտները դրանք կարող են ձեռք բերել տարբեր վաճառքի կետերից:
Ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ հայոց լեզու, գրականություն միասնական քննության արդյունքում մրցութային միավորի ձևավորման ժամանակ հաշվի են առնվելու նաև գրականության արդյունքները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։