2008Թ. ԷԴՄՈՒՆԴ ՄԱՍԿԻԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
2007-11-08
Էդմունդ Մասկիի անվան կրթաթոշակների ծրագիրը ԱՄՆ պետական քարտուղարության Կրթական և մշակութային հարցերի բաժնի ծրագրերից է, որն իրականացնում է Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհուրդ (IREX) կազմակերպությունը: Ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին ուսումը շարունակել ԱՄՆ-ում՝ մագիստրական ծրագրի մասնակցելու նպատակով: Մասնակիցներն ընտրվում են բաց մրցույթային սկզբունքով:
Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակները տրամադրվում են հետևյալ մասնագիտություների գծով` բիզնեսի կառավարում, տնտեսագիտություն, կրթություն, շրջակա միջավայրի կառավարում, միջազգային հարաբերություններ, լրագրություն և հանրային հաղորդակցություն, իրավագիտություն, գրադարանավարություն և տեղեկատվություն, հանրային/պետական կառավարում, հանրային առողջապահություն, հանրային/պետական քաղաքականություն:
Ծրագրի համաձայն մասնակիցները ԱՄՆ-ում
· կհաճախեն ուսումնական ծրագրով նախատեսված դասընթացների,
· կմշակեն և կիրականացնեն մասնագիտությանը համապատասխան և համայնքային զարգացմանն ուղղված ծրագիր,
· ուսումնական տարվա վերջում կմասնակցեն մասնագիտական պրակտիկայի:
Կրթաթոշակն ամբողջովին ֆինանսավորում և տրամադրում է.
· աջակցություն J-1 վիզա ստանալու հարցում,
· ճանապարհածախս` մասնակցի բնակավայրից ԱՄՆ հյուրընկալող բուհ մեկնելու և վերադառնալու համար,
· ամենամսյա կրթաթոշակ,
· բժշկական ապահովագրություն,
· համալսարանի ուսման վարձ և անհրաժեշտ այլ վճարումներ,
· դրամական միջոցներ` դասագրքեր ձեռք բերելու համար,
· անգլերեն լեզվի դասընթացի (անհրաժեշտության դեպքում), ինչպես նաև շրջանավարտների համար նախատեսված տարբեր վերապատրաստման ծրագրերի մասնակցության հնարավորություն:
Մասնակցության պահանջներին և ընտրության չափանիշներին կարող եք ծանոթանալ ծրագրի հայցադիմումից, որը կարելի է ձեռք բերել Այռեքսի հայաստանյան գրասենյակից կամ
www.irex.am կայքից:
Ծրագրի հայցադիմումները ընդունվում են մինչև 2007թ. նոյեմբերի 16-ը, 17:00: