Պարգևներ գիտնականներին

2007-09-28

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԿԳ նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 16-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրված կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Պարգևները հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:  

Նախարարը, կարևորելով պարգևատրված գիտնականների մեծ ավանդը գիտության և կրթության բնագավառում, նշեց. «Մեզ համար պահը կրկնակի հուզիչ է, որովհետև այսօր պարգևներ ենք հանձնում ոչ միայն մեր երկրի վաստակաշատ գիտնականներին, այլև գնահատանքի ու երախտագիտության խոսքեր ենք ուղղում այն ուսուցիչներին, որոնց սաներն ենք եղել մենք»:

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը, իսկ Մովսես Խորենացու մեդալ շնորհվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Արշալույսի Գաբրիելյանին:
Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհվեց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Շավարշի Մելիքյանին և ակադեմիկոս Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանին:
Արարողության ավարտին պարգևատրված գիտնականներն իրենց շնորհակալական խոսքերն ուղղեցին ՀՀ նախագահին և ՀՀ կրթության և գիտության նախարարին` ցուցաբերած գնահատանքի և ուշադրության համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։