Բացվեց գեղարվեստի քոլեջի նոր շենքը

2007-10-01

Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության նախարարության Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանը, ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ. Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, պատգամավորներ, մտավորականներ և ուսանողներ:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. ԱվետիսյանըÖ‰ Նա, շնորհավորելով ներկաներին, շնորհակալական խոսքեր հղեց բոլոր այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ աջակցել են նախարարությանն` այս կարևոր խնդրի լուծման գործում: Փոխնախարարը հավաստիացրեց, որ մոտ ժամանակներում կլուծվի նաև քոլեջը նոր գույքով ապահովելու խնդիրը:
ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ. Հակոբյանը և ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը շնորհավորեցին բոլոր տարիների թերլեմեզյանականներին` նոր ու գեղեցիկ շենք ունենալու կապակցությամբ: Քոլեջի դասախոսական կազմին և ուսանողությանն ուղերձ էր հղել նաև ՀՀ նկարիչների միությունը:
Պաշտոնական արարողությունից հետո ներկաները հնարավորություն ունեցան լինել քոլեջի դասասենյակներում, ծանոթանալ այն նոր ծրագրերին, որոնք կյանքի են կոչվելու ուսումնական հաստատությունում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։