Դասագրքերի փոփոխությունը կլինի չափորոշիչների և առարկայական ծրագրերի վերանայմանը զուգահեռ
2019-02-25
«Դասագրքերի փոփոխությունն անխուսափելի անհրաժեշտություն է, բայց այս պահին նման քայլի գնալը նպատակահարմար չէ: Դասագրքերի բովանդակությունը հենվում է առարկայական չափորոշիչների և ծրագրերի վրա, որոնք վերանայվելու են և այդ ուղղությամբ այժմ Կրթության և գիտության նախարարությունում համապատասխան աշխատանքներ են տարվում: Դասագիրք ստեղծելու գործընթացը երկարատև է` մոտավորապես 1 տարուց ավելի, որովհետև պահանջվում է մշակում, մինչև դպրոց մտնելը փորձարկում և այլն: Բացի այդ` դասագիրքը տպագրվում է 5 տարվա համար: Այսինքն` եթե այսօր նախաձեռնվեն նոր դասագրքեր, ապա հնարավոր է, որ դրանք մեկ տարի հետո այլևս արդիական չլինեն, քանի որ առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը փոխված կլինեն»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը` Հոդված 3 ակումբում դասագրքերի խնդրին նվիրված քննարկման ժամանակ: Փոխնախարարի խոսքով` նոր դասագրքերը մշակվելու են կրթական չափորոշիչների և առարկայական ծրագրերի վերանայմանը զուգահեռ, իսկ մինչ այդ առկա ծրագրերին համապատասխան նոր դասագրքերի ստեղծման համար ռեսուրսներ ծախսելը նպատակահարմար չի դիտվում: Արևիկ Անափիոսյանը նշել է, որ առաջիկա մեկ-երկու ամիսներին կձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն առարկայական ծրագրերի և չափորոշիչների փոփոխությունների իրականացմամբ. «Բնականաբար, կրթական չափորոշիչների և առարկայական ծրագրերի մշակման աշխատանքներն արվելու են գիտական հենքի վրա»,- ընդգծել է Արևիկ Անափիոսյանը և հավելել, որ նոր չափորոշիչներին և առարկայական ծրագրերին զուգահեռ կսկսվեն նաև նոր դասագրքերի ստեղծման աշխատանքները: Քննարկմանը մասնակցել են նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանը, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Ռուզաննա Ծատուրյանը: