Քննարկում․ «Արդի կրթական զարգացման հեռանկարները»
2019-02-22
«Մենք ունենք գրված կրթական չափորոշիչներ, որոնք ըստ էության վատը չեն։ Երբեմն առանց չափորոշիչների պահանջներին հետևելու՝ գրվել են ծրագրեր, դասագրքեր, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ խնդիրներ։ Մենք պետք է հասկանանք, թե ի վերջո կրթական գործընթացի արդյունքում ինչպիսի աշակերտ ենք ուզում ունենալ։ Այս մասին բազմիցս ասել եմ, այժմ էլ կրկնում եմ՝ ցանկանում ենք ունենալ անկախ մտածելակերպով, քննադատող, վերլուծող աշակերտ, որը կլինի մեր ապագայի քաղաքացին»,- հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից Մերգելյան ակումբում կազմակերպված «Արդի կրթական զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ։
Նախարարի խոսքով՝ այժմ նախարարությունը պատրաստվում է մշակել նոր կրթական չափորոշիչներ, որոնք, հիմնված լինելով նախկին չափորոշիչների վրա, նաև կառաջարկեն նորույթ, և այդ հիմքի վրա կձևավորվեն նոր ծրագրեր և դասագրքեր։ Այս ամբողջ աշխատանքները, ըստ նախարար Հարությունյանի, կավարտվեն 2023 թվականին․ «Մենք ունեցել ենք ուսուցիչների վերապատրաստման վատ համակարգ։ Վերապատրաստումները երբեմն կրել են ձևական բնույթ, և այժմ մեր խնդիրն է՝ լուրջ ուշադրություն դարձնել այդ հարցին և վերապատրաստումները իրականացնել պատշաճ մակարդակով ։ Դասավանդման նորարարությունները նաև օբյեկտիվ պատճառներով մեզ հասու չեն եղել։ Կրթական համակարգում պետք է փոխել նաև փոխհարաբերությունները․ կրթական գործընթացին մասնակից բոլոր խմբերը պետք է հստակ պատկերացնեն իրենց իրավունքներն ու պարտականությունները։ Օրինակ՝ երբ հրապարակվեց ուսուցչի էթիկայի վարքականոնների նախագիծը, համընդհանուր դժգոհություն առաջ եկավ։ Բայց իմ գնահատմամբ՝ այդ դժգոհությունները սուբյեկտիվ էին․ մեկին դուր չէր եկել այդ փաստաթղթի հեղինակների անցյալը, մյուսին դուր չէր եկել, որ կանոնները հրապարակվել էին մինչև աշխատավարձի բարձրացումը․․․․ Բովանդակային քննարկում մանկավարժի էթիկայի կանոնների շուրջ տեղի չունեցավ, չնայած որ այդ փաստաթուղթը հրապարակվել էր որպես նախագիծ և պետք է քննարկվեր բարելավման նպատակով»,- նշել է Արայիկ Հարությունյանը։
Իրավունքներն ու պարտականությունները, նախարարի համոզմամբ, պետք է գիտակցի նաև ծնողը․ «Իմ տպավորությամբ՝ մենք երբեմն ծնողի պարտականությունների բեռը ևս ուզում ենք դնել ուսուցչի վրա։ Մենք հիմա պատրաստում ենք պայմանագրի նոր տարբերակ, որ ծնողը պետք է կնքի դպրոցի հետ։ Սեպտեմբերին նոր պայմանգիրն արդեն պատրաստ կլինի և կառաջարկվի ծնողներին»։ Նախարարի բնորոշմամբ՝ կրթական համակարգում բարեփոխումների ռազմավարական, երկարաժամկետ ծրագրերի մշակման մեկնարկից առաջ պետք է նախ գնահատել առկա իրավիճակի պատկերը․ «Դժվար է առաջ գնալ, երբ ոտքերիդ տակ ճահիճ է։ Այժմ համակարգում ճահիճի չորացման գործընթաց է տեղի ունենում, որից հետո միայն մենք կսկսենք երկարաժամկետ զարգացման ծրագրի մշակումը։ 2011-15 թվականների ռազմավարական ծրագրի ազդեցությունը մեր կրթական համակարգի վրա զրոյական է եղել։ Չեմ կարծում, թե նմանատիպ մի նոր ծրագրի մշակումից կրթական համակարգն ինչ-որ բան շահելու է»,- նշել է նախարարը՝ արձագանքելով կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի դիտարկմանը, թե կրթության զարգացման հեռանկարային ծրագիրն արդեն մի քանի տարի է, ինչ չի հաստատվում։
Անդրադառնալով կրթության ազգային ինստիտուտի վերակազմավորման և մանկավարժական համալսարանի բովանդակային բարեփոխման հարցին՝ ԿԳ նախարարը նշել է, որ այդ հարցերի մասին շատ են խոսել նաև նախկինում․ «Խոսել են, բայց չեն արել, որովհետև քաղաքական կամք չեն ունեցել։ Սրանք շատ բարդ ռեֆորմներ են, բայց մենք դրանք անելու ենք։ Դժվար է, որովհետև այդ ռեֆորմները ազդում են յուրաքանչյուրի վրա։ Պահանջվում է փոխվել, և դա չի վերաբերում միայն ուսուցչին։ Դա վերաբերում է բոլորին»,- նշել է Արայիկ Հարությունյանը և համոզմունք հայտնել, որ 21-րդ դարի աշակերտին չենք կարող թելադրել մեթոդներ՝ առանց հաշվի նստելու նրա նախասիրությունների հետ Արայիկ Հարությունյան:
Խոսելով առաջիկա ծրագրերից՝ նախարարը նշել է, որ մինչև 2023 թվականը նախակրթարաններում ապահովվելու է երեխաների մինչև 70 տոկոս ընդգրկվածություն՝ համաձայն կառավարության ծրագրի: «Բողոքում են, որ դասագրքերը ծանր են։Գտել ենք լուծում. դասագրքերը երկհատոր են դառնալու, որպեսզի աշակերտը առաջին կիսամյակում դպրոց հաճախի մի դասագրքով, մյուսին՝ երկրորդով։ Սա հնարավորություն կտա պայուսակները երկու անգամ թեթևացնել»,- նշել է Ա․ Հարությունյանը:
Քննարկմանը մասնակցել են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը և «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։ Ներկա են գտնվել դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, կրթության ոլորտի մասնագետներ։