Խորհրդակցություն Մայրենիի օրվան նվիրված
2019-02-21
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի է ունեցել Մայրենիի օրվան նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են ինստիտուտի անվանի լեզվաբանները, երիտասարդ գիտաշխատողները, Կրթության և գիտության նախարարության և Լեզվի կոմիտեի ներկայացուցիչներ: Քննարկվել են լեզվապահպանության, լեզվի ուսուցման, կանոնակարգման, զարգացման, լեզվամշակույթի և լեզվաքաղաքականությանը վերաբերող հարցեր:
ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, շնորհավորելով Մայրենիի օրը, նշել է, որ կառավարության կողմից հաստատված նոր ծրագրում լեզվաքաղականության մասին կարևոր երկու կետ կա.«Առաջին` ապահովել հայերենի գործառնությունն իբրև ժամանակակից գիտության լեզու, երկրորդ` հրաժարվել հեռուստատեսային ցածրորակ արտադրանքից, ինչպես նաև ապահովել մանուկների համար համապատասխան ֆիլմերի թարգմանություն»,- նշել է կոմիտեի նախագահը և հավելել, որ կան նաև մի շարք դրական նախաձեռնություններ. «Մենք վերջերս, համագործակցելով հասարակական կազմակերպության հետ, համացանցում ներմուծել ենք «հայ» հասցեն: Կրթության և գիտության նախարարը, կարևորելով խնդիրը, ներկայացրեց կառավարություն և հարցը լուծում ստացավ: Պետական բոլոր մարմիններին հանձնարարվել է իրենց համացանցային հասցեների վերջում ավելացնել նաև «հայ» վերջավորությունը»,- նշել է Դ. Գյուրջինյանը: Բացի այդ` Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել լեզվի խնդիրներին նվիրված հաղորդումներ թողարկելու վերաբերյալ: Այս հարցում ակնկալվում է մասնագետների աջակցությունը: Գյուրջինյանի խոսքով` վերջերս Երևանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջի մի խումբ ուսանողներ սեփական նախաձեռնությամբ հայերեն թարգմանել և հնչունավերել են «Սանտայի գաղտնի գործակալներ» մուլտֆիլմը, որը հասանելի է համացանցում: Նախատեսվում է իրականացնել նաև «Համահայկական թելադրութուն» նախաձեռնությունը: «Ընդհանրապես ցանկացած մեծ խնդրի լուծում փոքր քայլերից է սկսվում: Մենք` լեզվի մասնագետներս ստեղծել ենք փակ համարակարգ. մենք մեր մեջ խոսում ենք, օրինակներ ենք բերում, իսկ հարցերը մնում են չլուծված: Եկեք ընդունենք, որ միայն հորդորակներ հղելը բավարար չէ: Մենք պետք է նախաձեռնող լինենք. Լեզվի պետական կոմիտեն սպասում է մասնագիտական ներուժի աջակցությանը»,- նշել է Դավիթ Գյուրջինյանը:
Ելույթ է ունեցել նաև Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը: Անդրադառնալով հայերենի պահպանության խնդիրներին` նա նշել է, որ Լեզվի ինստիտուտում ընթանում են գիտական քննարկումներ, որոնք բաց են մասնագետների համար: Նպատակը լեզվաքաղաքականության վերաբերյալ հստակ առաջարկություններ ձևավորելն է:
Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են մի շարք մտահոգություններ` հրապարակային խոսքի, մասնավորապես, հեռուստաեթերի, իրավական ակտերի և պաշտոնական տերմինների լեզվի վերաբերյալ: Որպես մտահոգություն նշվել է` Հայերենի բարձրագույն խորհդի վերստեղծման և արդյունավետ գործունեության հարցը: