«Կայուն դպրոցական սնունդը»` կառավարության նոր ծրագրում

2019-02-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է  ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ ) Հայաստանի  գրասենյակի տնօրեն Ելենա  Միլոշևիչի և ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Չերնիգովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքի վերաբերյալ մի շարք հարցեր: Ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է դպրոցական սննդի կազմակերպումը, և ծրագրի շարունակականության ապահովումը նախարարության առաջնահերթություններից է: Այս համատեքստում նախարարը շեշտել է, որ դպրոցական սննդի կազմակերպումն ընդգրկվել է կառավարության նոր ծրագրում: Միաժամանակ, հաշվի առնելով, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն իրականացվում է միայն մարզային դպրոցներում, քննարկվում է հետագա տարիներին ծրագիրն ընդլայնելու և մայրաքաղաք Երևանի դպրոցները ևս ընդգրկելու հարցը: 

ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչն ու  ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի տնօրենն իրենց հերթին ընդգծել են, որ պատրաստակամ են շարունակել աջակցությունը Հայաստանի մարզային դպրոցներում ծրագրի իրագործմանը: Նրանք միաժամանակ շեշտել են, որ դպրոցական սննդի ծրագիրն իրագործվում է բարձր արդյունավետությամբ և  կարող է դրական օրինակ ծառայել  այլ երկրների համար: Մասնավորապես նշվել է, որ Հայաստանը կարող է դառնալ առաջին երկիրը, որտեղ դպրոցական սննդի կազմակերպումը պետական ծրագիր է և իրականացվում է համակարգված ենթակառուցվածքներով:  
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ծագրի իրագործումը ՊՀԾ-ից կառավարության հանձնառությանը փոխանցելու հարցերը:
Տեղեկացնենք, որ ՊՀԾ-ն ուսումնական տարվա ընթացքում 180 օր տաք սնունդ է տրամադրում Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերի տարրական դասարանների 60000 դպրոցականների համար: Մյուս հինգ մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։