Պարգևներ` «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներին

2019-02-15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությանը: Ողջույնի խոսքում ԿԳ նախարար նշել է, որ նման մրցութային միջոցառումներն արդարացված են, եթե մրցույթին մասնակից ուսանողները, նույնիսկ հաղթող չճանաչվելու պարագայում, չեն վիճարկում նախագծի իրականացումը` անաչառության տեսանկյունից: «Ուսանողակենտրոնությունը մեր կարևոր ուղենիշներից է. ուսանողների հետ խորհրդակցելը, ուսանողների հետ գաղափարները կիսելը, նրանց գաղափարները փորձարկելը մեր գործունեության առանցքում է լինելու»,-հայտարարել է կրթության և գիտության նախարարը: Նախարարի ընդգծմամբ` ուսանողական խորհուրդների դերը պետք է մեծանա, սակայն որոշակի դրական իմաստով և փոփոխված բովանդակությամբ, այլ ոչ թե այնպես, ինչպես եղել է նախկինում և պահպանվում է դեռ որոշ բուհերում: «Այժմ մշակվում է բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող նոր օրենք, զուգահեռաբար քննարկվում է ուսանողական խորհուրդների ձևավորման նոր կարգը, որով այսուհետ առաջնորդվելու են ուսանողական կառույցները: Նոր կարգով ուսանողական կյանք ենք ներմուծելու ժամանակակից ժողովրդավարական մեխանիզմներ` իրացնելու յուրաքանչյուր ուսանողի մասնակցության իրավունքն ուսանողական խորհրդի ձևավորմանը և բուհի կառավարմանը: Կարծում եմ, մեզ կհաջողվի փակել մի արատավոր էջ և ուսանողակենտրոնությունը բուհի ինքնավարության համակարգում դարձնել ազդեցիկ: Ուսանողները համակարգի ամենամեծ շահառուն են և չեն կարող մասնակցություն չունենալ բուհի կառավարմանը: Միաժամանակ, ուզում եմ ողջունել բոլոր դասախոսներին: Վստահ եմ` ուսանողների, հատկապես լավագույն ուսանողների ձևավորման և արդյունքների ապահովման գործում նրանք կարևոր դերակատարում են ունեցել: Ինչպես դպրոցում մեր ամենամեծ գործընկերն ուսուցիչներն են, այնպես էլ բուհում մեր ամենակարևոր գործընկերը դասախոսներն են, նրանց խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են: Նախարարությունն, իր հնարավորությունների սահմանում, փորձելու է լուծում տալ դասախոսների առջև ծառացած խնդիրներին` հասկանալով հանդերձ, որ կրթության համակարգում արագ արդյուքներ ակնկալելը շատ բարդ է»,- նշել է նախարարը: Շնորհավորելով «Լավագույն ուսանող» մրցութի հողթողներին և մասնակիցներին` Արայիկ Հարությունյանը կոչ է արել լինել ազատ, քննադատող, նախաձեռնող և նպատակասլաց, օգտագործել նոր Հայաստանի ընձեռած հնարավորությունները երկրի առաջընթացը ապահավելու և նոր Հայաստանը կերտելու համար:
Այնուհետև նախարարը  «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներին է հանձնել մրցանակները:
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա, բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով հաղթող են ճանաչվել  ՀՀ 15  բուհերի 37 ուսանողներ, 7 ոլորտներում (բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և  մշակույթ- սպորտ):
2018 թվականին «Լավագույն ուսանող» մրցույթի 1-ին տեղի համար հաղթող է ճանաչվել՝ 14, 2-րդ տեղի համար՝ 12 և 3-րդ տեղ՝ 11 ուսանող: Հաղթողներին  անվանական կրթաթոշակներ շնորհելու նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է  12 մլն. ՀՀ դրամ: Հանրապետական փուլի հաղթողները պարգևատրվելու են հավաստագրերով և միանվագ դրամական կրթաթոշակներով.  1-ին տեղ` 430.000 /չորս հարյուր երեսուն հազար/ դրամ, 2-րդ տեղ՝ 315.000 /երեք հարյուր տասնհինգ հազար/ դրամ և 3-րդ տեղ՝ 200.000 /երկու հարյուր հազար/ դրամ:
Միջոցառմանը ներկա են եղել  ԿԳ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, տարբեր համալսարանների ռեկտորներ, պրոռեկտորներ, դասախոսներ, ուսանողներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։