Էրազմուս+ նախագծերի համատեղ տեղեկատվական սեմինար
2019-02-14
Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր տեղի է ունեցել Եվրոպական Միության ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող Էրազմուս+ INNOCENS «Ճարտարագիտական կրթության ոլորտում ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնում» և HERITAG «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ՝ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվական համակարգերի մասնագիտական ոլորտների կրթական ծրագրերում» նախագծերի համատեղ տեղեկատվական սեմինար: Կրթության և գիտության նախարարությունը հանդիսանում է նախագծի գործընկեր կազմակերպություն:
INNOCENS ծրագիրն ուղղված է ուսանողների ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը Հայաստանում և գործընկեր երկրներում տնտեսական զարգացման, նոր աշխատեղերի և ստարտափերի ստեղծման նպատակով: Առանձնակի կարևորվում է ճարտարագետ ուսանողների համար ինովացիաների և ձեռնարկատիրության վերաբերյալ դասընթացների մշակումը, դասավանդման և ուսումնառության գործընթացում ինովացիոն մանկավարժության և կարողությունների գնահատման ներդրումը, ինովացիոն կենտրոնների ստեղծումը՝ ճարտարագետ ուսանողների և աշխատակիցների ինովացիոն գաղափարների առևտրայնացմանն աջակցելու նպատակով:
HERITAG նախագծի նպատակն է խթանել բարձրագույն կրթության միջոլորտային բարեփոխումները և մշակել մագիստրոսականն և շարունակական կրթական ծրագրեր՝ GIS-ի կիրառման միջոցով զարգացնելու մշակութային ժառանգության փաստաթղթավորումը, զբոսաշրջության կառավարումն ու ձեռներեցությունը:
Ծրագրի շրջանակներում ՃՇԱՀ–ում ստեղծվել է Երկրատեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության կենտրոն, որի նպատակն է երկրատեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ զբոսաշրջության և տնտեսության այլ ոլորտներում առկա խնդիրների ուսումնասիրությունը, հետազոտությունը և համապատասխան լուծումների առաջադրումը, որին մասնակից են լինելու ինչպես արտաքին շահակիցները, այնպես էլ համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները։ Կենտրոնն ուսանողներին հնարավորություն կտա զարգացնել իրենց գործնական հմտություններն ու հետազոտական կարողությունները և ամրացնել բուհ և գործատու կապերը։
HERITAG ծրագրի նշանակալի ձեռքբերումներից է Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի հետ միջհամալսարանական համագործակցության համաձայնագրի կնքումը և «Նախագծերի կառավարում» մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի մեկնարկը։ Առանձնահատուկ է կրթական ծրագրի միջառարկայական ուղղվածությունը, որը ենթադրում է տնտեսագիտական և տեխնիկական իմացության համադրումը: