«Կրթության խնդիրներն ու առաջարկվող լուծումները» խորագրով քննարկում

2019-02-13

Հոդված 3 ակումբում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի կրթության և գիտության ոլորտին վերաբերող հատվածը` «Կրթության խնդիրներն ու առաջարկվող լուծումները» խորագրով: Հիմնական բանախոսներից ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը ներկայացրել է ոլորտի զարգացման հիմնական ուղղություններն ու դրանց արտացոլումն Ազգային ժողովում քննարկվող ծրագրում. «Առաջին կարևոր խնդիրը կրթության բոլոր մակարդակներում բովանդակության արդիականացումն է: Մենք պետք է կրթությունը համապատասխանեցնենք արդի չափանիշներին, նկատի ունենալով, որ արագ փոփոխվող աշխարհում կրթության համակարգի առջև գնալով ավելի մեծ պահանջներ են դրվում: Ժամանակակից կրթությունը պետք է լինի դինամիկ ճկուն և հնավորություն տա շատ արագ հարմարվել տնտեսության, աշխատաշուկայի և հասարակության պահանջներին: Հաջորդ կարևոր խնդիրը դասավանդող անձնակազմին որակավորման ու սոցիալական պաշտպանվածության բարելավումն է: Երրորդը` ապահով և կայուն ինստիտուցիոնալ համակարգերի /շենքային պայմաններ, կրթական միջավայր/, ինչպես նաև կրթություն–գիտություն-տնտեսություն կապի ապահովումն է: Մասնավորապես գիտությունը և տնտեսությունը պետք է որոշակի մասնակցություն ունենան կրթական քաղաքականության մշակման և իրականացման գործում»,- նշել է Ռոբերտ Ստեփանյանը: Խոսելով ոլորտային առաջնահերթություններից` ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետը նշել է, որ նախադպրոցական կրթության համակարգը մատչելիության առումով այսօր խոցելի է և այդ նկատառումով նպատակ է դրված 3-5 տարեկան երեխանների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում հասցնել 70 տոկոսի: «Ընդգրկվածության 70 տոկոս ցուցանիշը բավականին ամբիցիոզ նպատակ է` հաշվի առնելով, որ նախկին ծրագրով մենք թիրախային ենք համարել 5 տարեկանների ընդգրկվածության ապահովումը: Այժմ մենք տարիքային շեմը իջեցրել ենք: Մենք ունենք համայնքներ, որտեղ ընդհանրապես նախադպրոցական հաստատություններ չկան: Խնդրի լուծման նպատակով ԿԳ նախարարության կողմից մշակվել են նախակրթարանների ծախսարդյունավետ մոդելներ` փոքր համակազմ ունեցող համայնքների համար: Սա օգտակար կլինի նաև համայնքների համար, քանի որ նախադպրոցական կրթության, այսինքն մանկապարտեզների գործունեության ապահովումը համայնքների պարտականությունն է: Իսկ հատկապես գյուղական համայնքները դասական իմաստով մանկապարտեզի բեռն իրենց վրա վերցնելու հնարավորություն չունեն»,- նշել է Ռոբերտ Ստեփանյանը: Նրա խոսքով` կրթության որակի և մատչելիության տեսանկյունից կարևոր խնդիր է նաև փոքր համակազմ ունեցող գյուղական դպրոցների հարցը, որտեղ սովորում են 100-ից, իսկ որոշ դեպքերում նաև 50-ից պակաս աշակերտներ: Նման դպրոցներում պետությունը մեկ աշակերտի վրա ծախսում է ավելի լուրջ ռեսուրսներ: Մեծ քաղաքների համեմատությամբ մի քանի անգամ ավելի բարձր է ծախսը, մինչդեռ դրան համարժեք որակ չի ստանում: Նպատակ է դրված ուսուցման տարբեր մեթոդների համադրմամբ հասնել որակի բարելավման: Շարունակական ծրագրերից կարևոր է անցումը համըդհանուր ներառման, որն արդեն ներդրված է չորս մարզերում և ավարտվելու է մինչև 2022 թվականը:

Ռոբերտ Ստեփանյանը նաև տեղեկացրել է, որ այժմ ընթացքի մեջ են կրթական ծրագրերի և չափորոշիչների փոփոխությունների մշակումները, որոնք նպատակ ունեն բեռնաթափել ուսումնական ծրագրերը: Հայաստանը սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության առումով աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում, սակայն նույն բանը, ինչպես վարչության պետն է նշել, չի կարելի ասել օգտակարության գործակցի առումով: Այժմ վերանայվում են ուսումնական ծրագրերը` առաջնահերթությունը տալով ՍՏԵՄ /մաթեմատիկա, բնագիտություն/, ՏՏ,  օտար լեզուների և հայագիտական առարկաների դասավանդմանը: Մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտում առաջնային խնդիր է դիտարկվում  շրջանավարտի հմտությունների և գիտելքների համապատասխանեցմանն աշխատաշուկայի պահանջներին: Այդ նպատակով կարևորվում է գործատուների ներգրավումը կրթության կառավարման մարմիններում, փորձնական նպատակով ներդրված է դուալ / աշխատանքի վրա հիմնված/ կրթության համակարգը:

Քննարկման ընթացքում ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետը պատասխանել է քննարկմանը մյուս մասնակիցների` Կրթական քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Լուսինե Խառատյանի, Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի համակարգող Աննա Գևորգյանի, Հանրային քաղաքականության ինստիտուտի հանրակրթության ոլորտի հետազոտող Գոհարիկ Տիգրանյանի կրթության ծրագրին վերաբերող դիտարկումներին և հարցերին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։