Գործակարգավարական խորհրդակցություն՝ ԿԳՆ-ում
2019-02-11
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը: Հանդիպման սկզբում նախարարը ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Գրիշա Թամրազյանին՝ տեղեկացնելով, որ նա համակարգելու է նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտները: Գրիշա Թամրազյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ընդգծելով, որ այն նախևառաջ մեծ պատասխանատվություն է: «Խիստ արժևորում եմ որակյալ և մատչելի կրթության դերը ՀՀ զարգացման գործում: Իհարկե, ծանոթ եմ կրթության ոլորտի բազմաթիվ խնդիրներին, սակայն վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը, միասնականությունը և գործի նվիրումը թույլ կտան կարճ ժամանակում գրանցել նորանոր հաջողություններ»,-նշել է նա:
Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՊՈԱԿ-ների ֆինանսավորման ընթացքի, գիտության բազային ֆինանսավորման, հանձնարարականների կատարման ժամկետների պահպանման, դասագրքերի քաշի և բովանդակության և այլ ընթացիկ հարցեր: