Կներդրվի գիտության ոլորտի ֆինանսավորման մրցակցային համակարգ

2019-02-07

Հայաստանում շուտով կներդրվի գիտական կազմակերպություններին ֆինանսավորելու նոր մեխանիզմ` հիմնված կատարողականի արդյունքների վրա,  ինչպես նաև կսահմանվի գիտական հիմնարկ հասկացությունը:  Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա  նշել է, գիտական կազմակերպությունների ֆինանսավորման նման համակարգն ընդունված է միջազգային պրակտիկայում և համարվում է արդյունավետ մոդել. «Կատարողականի միջոցով գիտական կազմակերպությունների ֆինանսավորումը շատ կարևոր գործիք է: Այն կխթանի մրցակցությունը գիտական կազմակերպությունների միջև և կնպաստի, գիտական ինստիտուտների ավելի մոտիվացված աշխատանքին»,- նշել է Սամվել Հարությունյանը և հավելել, որ համապատասխան կարգն այժմ մշակում է ԿԳ նախարարության աշխատանքային խումբը:
 Նրա խոսքով՝ նախատեսվում է սահմանել համապատասխան չափորոշիչներ, որոնց հիման վրա գիտական հիմնարկները կստանան միավորներ և կդասակարգվեն: Մասնավորապես, հաշվի է առնվելու հիմնարկների նախկինում կատարած գիտական հետազոտությունների արդյունավետությունը, կադրային ներուժի հզորությունը, նյութատեխնիկական ապահովվածության աստիճանը, միջազգային գիտակրթական տարածքում ինտեգրման աստիճանը, գիտական արդյունքների առևտրայնացման խնդիրը, ֆինանսական գործունեության արդյունավետությունը, գիտական հրապարակումների քանակը, ցիտումների թիվը և այլն: Սամվել Հարությունյանի տեղեկացմամբ` ֆինանսավորումը կլինի ըստ սահմանված 4 կատեգորիաների. «Առաջին կատեգորիայի հիմնարկները պետք է համապատասխանեն միջազգային գիտական կենտրոնի չափանիշներին և բազային ֆինանսավորումից բացի կստանան նաև բոնուսային գումարներ` ամենաբարձր գործակցով: Երկրորդ կատեգորիայի հայտնված հիմնարկները նույնպես կստանան բոնուսներ, բայց արդեն ավելի փոքր գործակցի կիրառմամբ: Երրորդ կատեգորիայում կլինի միայն բազային ֆինանսավորում, իսկ չորրորդ կատեգորիայում հայտնված գիտական հիմնարկները, որոնք, այսպես ասած, բուժման ենթակա չեն, կմիավորվեն առաջին և երկրորդ կատեգորիաներին համապատասխանող գիտական հիմնարկներին, իսկ լավագույն աշխատողները կընդգրկվեն կամ միավորված կենտրոններում, կամ հարակից ուղղություններով զբաղվող հիմնարկներում»,-նշել է Սամվել Հարությունյանը:
Անդրադառնալով հիմնադրամի կարգավիճակ ունեցող գիտական մի շարք կազմակերպություններում, այդ թվում որոշ բուհերում գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման հանրային հնչեղություն ստացած խնդրահարույց հարցին` Սամվել Հարությունյանը նշել է, որ կառավարությունը շատ արագ արձագանքել է և հարցը կառավարության երեկվա նիստում կայացված որոշմամբ արդեն կարգավորվել է: Խնդիրն առաջացել էր «Հիմնադրամների մասին» ՀՀ  օրենքի պահանջներով պայմանավորված: Սակայն, ըստ  Սամվել Հարությունյանի` գիտական հիմնադրամները չի կարելի նույնացնել մնացած հիմնադրամների հետ: Խնդիրը կկարգավորվի` «Բարձրագույն կրթության, գիտական և գիտակրթական գործունեության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումից հետո, որտեղ նախատեսվում է սահմանել գիտական հիմնարկ հասկացությունը` անկախ կազմակերպաիրավական ձևից: Գիտության կոմիտեի նախագահը միաժամանակ համոզմունք է հայտնել, որ մրցակցային ֆինասավորման համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքներն առաջիկայում կավարտվեն, համապատասխան կարգի ընդունումից հետո 2020 թվականից անցում կկատարվի ֆինանսավորման նոր համակարգին:
Անդրադառնալով խնդիրներին` Գիտության կոմիտեի նախագահն առանձնացրել է համակարգի ծերացման հիմնահարցը. «Մենք այսօր ունենք գիտության ծերացման խնդիր: Ոլորտում աշխատող 65-ից բարձր տարիքով գիտնականների թիվը կազմում է ընդհանուր գիտնականների 25 տոկոսը: Այս կադրերը խորհրդային գիտական դպրոցի ներկայացուցիչներն են և այդ տարիքի գիտնականների թիվը գնալով պակասում է: 10 տարի հետո այս կադրերն ավելի կպակասեն: Մեզ մոտ 35-55 տարեկան գիտնականների անկում կա, և այդ բացը բավարար չափով չի լրացվում: Մենք ակտիվորեն աշխատելու ենք, որպեսզի երիտասարդ կադրերը խրախուսվեն, նոր, հետաքրքիր պայմաններ լինեն նրանց համար »,- նշել է Սամվել Հարությունյանը: Նրա խոսքով` ներկայումս գիտական գործունեությամբ  զբաղվող կադրերի թիվը հասնում է 6200-ի, որոնցից 4500-ը` գիտական գործունեություն են իրականացնում, մնացածը` սպասարկող անձնակազմն է: Սա, ըստ Գիտության կոմիտեի նախագահի նվազագույն թիվ է մեր երկրի համար և պետք է խրախուսել, որպեսզի գիտական գործունեությամբ զբաղվողների թիվն ավելանա:
Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ասուլիսի ընթացքում ներկայացրել է նաև 2019 թվականի համար նախանշված աշխատանքները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։