Վայքի, Ջերմուկի և Բերդի դպրոցներում կբացվեն անգլերենի ակումբներ
2019-02-01
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն այսօր «Մարիոթ» հյուրանոցում ստորագրել են համագործակցության հուշագիր:
Այս նախաձեռնությամբ մեկնարկել է Հայաստանի մարզային դպրոցներում անգլերենի ակումբների հիմնադրման երկրորդ փուլը` «Բարելավելով հմտությունները հանուն ավելի ուժեղ հասարակության» ծրագրի շրջանակում:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ դպրոցներին կից լեզուների ուսուցման ակումբների հիմնումը համահունչ է կառավարության և ԿԳ նախարարության ծրագրերին. «Նման կենտրոնները նպատակ ունեն բարելավել լեզուների իմացությունն աշակերտների շրջանում, նպաստել ուսուցիչների մասնագիտական կատարելագործմանը, զարգացնել սովորողների քննադատական միտքը: Դպրոցն ավարտելիս մենք ցանկանում ենք ունենալ աշակերտ, որը կունենա անկախ և ազատ մտածելակերպ, վերլուծելու, քննադատելու, քննարկելու հմտություն: Սրանք հատկանիշներ են, որոնք մեր հասարակության շատ անդամների մոտ բացակայում են և երբեմն հանգեցնում են համակեցության կանոնների խախտումների: Այս ծրագիրը մեկն է այն անհրաժեշտ նախաձեռնություններից, որը կարող է նպաստել նշված արժեքային խնդիրների լուծմանը»,- նշել է նախարարը և հավելել, որ նոր բացվող երեք մարզային կենտրոնները դառնալու են համայնքային կրթամշակութային նոր հարթակներ: Նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությանը և Բրիտանական խորհրդին` արդյունավետ համագործակցության և աջակցության համար` հույս հայտնելով, որ ծրագիրը կլինի շարունակական:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն իր խոսքում նշել է, որ հիմնադրվող ակումբները կարևոր են ոչ միայն անգլերենի իմացության, այլ նաև հարակից, օրինակ բանավիճելու և բանակցելու հմտությունների զարգացման համար. «Ես հանդիպել եմ ծրագրի նախորդ փուլում ընդգրկված ուսուցիչների հետ և ստացել եմ դրական ազդակներ: Հույս ունեմ, որ նրանք կկարողանան ծրագրում նոր ընդգրկվող ուսուցիչների հետ մեկտեղ ամուր ցանց ստեղծել` խորացնելով և ամրապնդելով համագործակցությունը: Արդեն երեք տարի է, ինչ Հայաստանում եմ և լիարժեք գիտակցում եմ, թե հայ ընտանիքների համար որքան կարևոր է որակյալ կրթությունը: Կարծում եմ, որ լավ կրթությունը Հայաստանի երիտասարդ քաղաքացիներին կարող է տալ այն հմտությունները, որոնք կարող են նպաստել Հայաստանի բարգավաճմանը»,- նշել է դեսպանը` ընդգծելով, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը պատրաստ է այս ուղղությամբ համագործակցել ԿԳ նախարարության հետ:
Նշենք, որ անգլերենի ակումբների ստեղծման ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ:
Ծրագրի առաջին փուլով Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում հիմնադրվել է անգլերենի ուսուցման 6 ակումբ, որոնք գործում են Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցներում: Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է անգլերենի ակումբներ բացել Վայքի, Ջերմուկի /Վայոց Ձորի մարզ/ և Բերդի /Տավուշի մարզ/ դպրոցներում:
Անգլերենի ակումբներում բրիտանական փորձի վրա հիմնված խաղային մեթոդներով` հեքիաթների միջոցով լեզվական իմացությունենրը բարելավել են շուրջ 800 դպրոցականներ, վերապետրաստվել է մոտ 200 անգլերենի ուսուցիչ: Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատությունների տնօրենները, ովքեր իրենց խոսքում ընդգծել են, որ աշակերտները մեծ հետարքրությամբ և խանդավառությամբ են մասնակցում անգլերենի ակումբների պարապմունքներին: Միջոցառմանը տեսակապով հետևել են նաև ծրագրում ընդգրկված դպրոցների աշակերտները: