ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է լրագրողների հարցերին
2019-01-31
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, որի ընթացքում անդրադարձել է մի շարք խնդիրների: «Ես կարևորում եմ բոլոր հայագիտական առարկաները, պարզապես ինչպես այդ, այնպես էլ մնացած բոլոր առարկաները և ուսումնական ծրագրերը վերանայվելու են, և մինչև 2023 թվականն ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ բազմաթիվ բողոքներ կան՝ ծրագրերի ծանրաբեռնվածության, որոշակի անհամապատասխանության, նույնաբովանդակ նյութերի մատուցման, կրկնությունների և նմանատիպ այլ հարցերի հետ կապված: «Ծնողներն առավելապես բողոքում են ուսումնական ծրագրերի ծանրաբեռնվածությունից, որոնք, այո, պետք է թեթևացնել: Դասագրքերի փոփոխությունը ևս լրացուցիչ ծախս կլինի պետության համար: Ներկայումս քննարկում ենք նաև դասագրքերի ծանրության հետ կապված հարցը. գուցե որոշում լինի դրանք դարձնել երկհատոր՝ ամեն կիսամյակի համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Նախարարն անդրադարձել է նաև ավագ դպրոցների խնդրին. «Երբ համակարգը ներդրվում էր, դրա մաս են դարձել ամենաանտեսված ու վատ կառույցները, ծրագիրը վատ է մշակվել և, հետևաբար, կրկնուսույցի ինստիտուտը սկսել է զարգանալ: Անցած տարի հունվարին ավագ դպրոցի հաշվին կրկին փորձել են գումար խնայել, և ավագ դպրոցների ֆինանսավորման գործակիցը իջել է՝ իր հետ բերելով գումարի զգալի նվազում: Դպրոցի տնօրենների խնայողության և մեր կողմից տրամադրված 350 մլն դրամ գումարի հաշվին կարողացել ենք այնպես անել, որ աշխատավարձերը չնվազեն: Այս պահին քննարկում ենք 1 մլրդ դրամի չափով գումար տրամադրելու հարցը, որպեսզի ուսուցիչների աշխատավարձերը չնվազեն»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև Մանկավարժի վարքականոնին: «Ասեմ, որ այն ընդամենը նախագիծ է, որտեղ արտառոց ոչինչ չկա: Ներկայումս վերանայում ենք նաև ծնողների հետ կնքվող պայմանագրերը. սեպտեմբերից բոլոր ծնողները կվերակնքեն դպրոցի հետ իրենց պայմանագրերը, որտեղ հստակ կամրագրվեն յուրաքանչյուր կողմի իրավունքներն ու պարտավորությունները»,-նշել է նախարարը:
Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ դպրոցների կառավարման համակարգի փոփոխությունների համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք առաջիկա կիսամյակում կներկայացվեն ԱԺ: «Այս ընթացքում մեզ հաջողվել է մեծ ցնցումներից զերծ պահել կրթական համակարգը: Ներկայումս նախնական քննարկումներ են ընթանում՝ հնարավորություն գտնել բարձրացնելու ուսուցիչների աշխատավարձը: Հենց տնտեսությունը սկսեց լրացուցիչ եկամուտներ ապահովել, իսկ դրա նախադրյալներ կան, դրանք կուղղվեն սոցիալական խնդիրների, այդ թվում` աշխատավարձերի բարձրացմանը»,-ամփոփել է նախարարը: