Նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Արարատի մարզի դպրոցներ

2019-01-25

2019 թվականի հունվարից ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ հայտարարել է մարզային միամսյակների մեկնարկ` ուսումնական յուրաքանչյուր ամիս նվիրելով մեկ մարզի: Այդ նպատակով այսօր ԿԳ նախարարն անակնկալ այցեր է կատարել Արարատի մարզի մի շարք դպրոցներ, որի ընթացքում քննարկվել են մարզի կրթական խնդիրները: Անդրադառնալով հաճախումների հարցին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր այցելած դպրոցների մեծ մասում բացակայությունների թիվը շատ փոքր է եղել, և միայն մեկ դպրոցում է այն տատանվել 15 տոկոսի սահմաններում: «Բացակայությունները հիմնականում պայմանավորված էին շնչառական հիվանդություններով. հնարավոր է նաև կարգապահական խնդիրներ լինեն: Ջերմաստիճանը դպրոցներում, ընդհանուր առմամբ, պատշաճ մակարդակի էր. որտեղ նկատելի էին որոշակի խնդիրներ, հրահանգվեց համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի երեխաները չմրսեն: Իհարկե, դպրոցների շենքային պայմաններն այնքան էլ բարվոք չէին,  դրանք վերանորոգման կարիք ունեն»-,նշել է նախարարը: Նա ընդգծել է, որ դպրոցների մի մասը հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարեցված չէ. «Սա անընդունելի է, և պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի երեխան կարողանա ինքնուրույն տեղաշարժվել և ամեն անգամ դպրոցի ճանապարհն անցնելիս չհիշի, որ ինքն օգնության կարիք ունի: Մեր գլխավոր առաքելությունն է լինելու՝  հարմարեցնել դպրոցները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, հաշմանդամություն ունեցող երեխաներին»,-նշել է նախարարը:

Անդրադառնալով 9-րդ դասարանի ավարտական քննությունների կենտրոնացված համակարգով կազմակերպման խնդրին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ անհանգստանալու անհրաժեշտություն չկա. «Նկատել եմ, որ ուսուցիչներն ու ծնողներն աշակերտներին վախեցնում են կենտրոնացված քննություններով: Եվս մեկ անգամ շեշտում եմ՝ սիրելի՛ աշակերտներ, սա սովորական քննություն է. որքան ձեզ վախեցնեն, դուք այնքան կաշկանդված եք գնալու քննության և խնդիրներ եք ունենալու: Այնպես որ, լավ պատրաստվեք և մասնակցելով քննությանը՝ կհավաստիանաք, որ վախենալու որևէ առիթ չկա»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը: Նախարարն անդրադարձել է նաև դպրոցական գրադարանների խնդրին՝ նշելով, որ դրանք վաղուց նոր գրականություն չեն ստացել, ուստի  կկատարվի համապատասխան գույքագրում և տարվա ընթացքում կտրամադրվեն գեղարվեստական գրքեր: «Մենք թե՛ Երևանում, և թե՛ մարզերում ունենք փայլուն, պայծառ աչքերով շատ լավ աշակերտներ, որոնց մի մասն այս տարի պատրաստվում է բուհեր ընդունվել, և պետք է անենք հնարավորը՝ նրանց աջակցելու համար: Ունենք նաև իրենց գործին նվիրված շատ լավ ուսուցիչներ, որոնց հետ միասին պետք է լուծենք կրթության համակարգի խնդիրները»,-իր խոսքն ամփոփել է Արայիկ Հարությունյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։