Տարկետում` կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների

2019-01-24

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ  կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանվել են գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները: Կրթության և գիտության նախարարի հրամանով ձևավորվել է տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողով: Կարգի 8-րդ կետով սահմանված նշանակալի նվաճումները հանձնաժողովի կողմից հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 100 բալային միավորի սահմանաչափով, նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության հիման վրա: Մագիստրոսի կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունքի հավակնություն են ձեռք բերում առնվազն 60, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի շրջանակներում՝ առնվազն 65 բալային միավոր հավաքած քաղաքացիները: Սույն որոշմամբ տարկետում կտրամադրվի նաև դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաներում մրցանակ ստացած քաղաքացիների՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետին համապատասխան, ինչպես նաև աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/ կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններ բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող կամ դիմորդ հանդիսացող քաղաքացիներին` հավելվածի 9.1 կետին համապատասխան:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։