ՄԿՈւ ոլորտի դոնոր կազմակերպությունների հանդիպում

2018-12-13

«Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում այսօր կազմակերպել է ՄԿՈւ ոլորտում ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպությունների քննարկումների հարթակի երկրորդ հանդիպումը:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել դոնոր կազմակերպություններին՝ ընդգծելով, որ ՄԿՈՒ ոլորտի զարգացման գործում մեծ աշխատանք է տարվում, որի պտուղները մեր երկրի տնտեսության համար տեսանելի կլինեն կարճ ժամանակահատվածում: «Այս տարի առիթը բաց չենք թողել՝ ՄԿՈՒ հաստատություններ այցելելու համար, առավելագույն ջանքեր ենք ներդրել՝ բաց, համագործակցային և թափանցիկ գործունեությամբ ոլորտի զարգացմանը նպաստելու համար: Մեր հիմնական շեշտադրումը եղել է սոցգործընկերության, գործատուների հետ կապի ամրապնդումը, ուսհաստատությունների վերազինումը՝ սառնարանային տնտեսությունից մինչև տարբեր լաբորատորիաների բացում, որոնք հնարավորություն են ընձեռել մեր ուսանողներին՝ պրակտիկ գիտելիքներ ձեռքբերելու: Այս տարի մեծ ջանքեր են ուղղվել նաև դուալ կրթական համակարգի ներդրման ուղղությամբ, որի արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա»,-նշել է փոխնախարարը՝ կարևորելով որակավորումների բարձրացման և հեռավար կրթության հայեցակարգի հարցերը: «Մենք պետք է իրականացնենք կարիքի գնահատում, վերհանենք բացերը և մեր ջանքերն ուղղենք դրանց լուծմանը: Կարևոր է նաև բարձր տեխնոլոգիական ուղղությունների գծով նոր մասնագիտությունների ներդրումը, քանի որ այս ոլորտում առկա է մեծ պահանջարկ, որը հնարավոր է իրականացնել նաև կարճաժամկետ ուսուցման միջոցով»,-ընդգծել է Հովհաննես Հովհաննիսյանը:
ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ներկայացնելով ՄԿՈՒ ոլորտի 2018-2022թթ. բարեփոխումների ծրագիրը, նշել է, որ դոնոր կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ՄԿՈՒ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի ավելանում է, որի վկայությունը դիմորդների աննախադեպ մեծ թիվն է: «Ցավոք, պետբյուջեում ՄԿՈՒ ոլորտի ֆինանսավորումը միմիայն ուղղված է դասախոսների աշխատավարձերի և կրթաթոշակների տրամադրմանը, իսկ բարեփոխումներ իրականացնելու համար գրեթե գումար չկա: Այս առումով շնորհակալ ենք տեղական և միջազգային բոլոր կազմակերպություններին՝ ոլորտում ներդրած ջանքերի համար, որովհետև բոլորն էլ գիտակցում են, որ ՄԿՈՒ ոլորտն է հանդիսանում  աշխատաշուկայի հենարանը»,-նշել է Արտակ Աղբալյանը՝ բոլոր կազմակերպություններին հորդորելով ակտիվ  գործունեություն ծավալել  Կրթության և գիտության նախարարության հետ:
«Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ քննարկումների հարթակի նպատակն է՝ իրականացվող ծրագրերի համակարգումը, փորձի փոխանակումը և հետագա անելիքների ճշգրտումը: Նա ներկայացրել է «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ընթացքը և արձանագրված ձեռքբերումները:
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը ներկայացրել է ՄԿՈՒԶԱԿ-ի գործունեությունը, իսկ միջազգային կազմակերպությունների կողմից ոլորտում իրականացվող ծրագրերը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ավստրիայի զարգացման գործակալության (ADA), «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Վորլդ Վիժն Հայաստան», «Սեյվ դը Չիլդրեն Հայաստան», «ԿՆԱՈՒՖ Հայաստան» կազմակերպությունների, «Գլոբալ զարգացումներ» և «Անուշավան Աբրահամյան» հիմնադրամների, ինչպես նաև Գերմանիայի Դաշնության Մեկլենբուրգ-Ֆորպոմերանիա Դաշնային տարածաշրջանային էկոնոմիկայի ուսումնական կենտրոնի ներկայացուցիչները:
Շնորհանդեսներով հանդես են եկել նաև ՀՀ բնապահպանության նախարարության և Զբաղվածության պետական գործակալության ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ծրագիրը՝ ուղղված գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացման միջոցով աշխատաշուկայի արդյունավետության և ՄԿՈՒ շրջանավարտների զբաղունակության բարձրացմանը:
Առաջին օրվա ավարտին նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումներին ակտիվ մասնակցելու և մեծ ավանդ ներդնելու համար ներկա կազմակերպությունները պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերով:
Աշխատաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը, որի ընթացքում նախատեսվում է հետագա անելիքների քննարկում, ինչպես նաև համապատասխան հռչակագրի ընդունում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։