Կբարելավվեն երիտասարդների անգլերենի և աշխատանքային հիմնարար հմտությունները

2018-11-24

Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում բացվել է զարգացման երկու կենտրոն, որոնց նպատակն է՝ բարելավել 17-ից 20 տարեկան երիտասարդների անգլերենի և աշխատանքային հիմնարար հմտությունները: Նախագծի մեկնարկն ազդարարվել է Արարատի տարածաշրջանային քոլեջի և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ: «21-րդ դարի աշխատաշուկայում առանց լրացուցիչ հմտությունների, մասնավորապես, լավ կամ գերազանց օտար լեզուների իմացության, աշխատանք գտնելու հնարավորությունը բավականին փոքրանում է: Բրիտանական խորհրդի հետ մեր համագործակցությունը կնպաստի այդ հմտությունների զարգացմանը»,-նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը:
«Երիտասարդներին անգլերենի և աշխատանքային հմտությունների ուսուցման ծրագիրը կարևոր է, քանի որ իրականացվում է մարզերում, ոչ թե Երևանում, ուր կենտրոնացած են հիմնական հնարավորություններն ու տնտեսական ակտիվությունը։ Էյչ-Էս-Բի-Սի Բանկը կարծում է, որ կրթությունը համաշխարհային տնտեսության զարգացման հարցում կարևորագույն գործոն է: Ես հավատում եմ, որ այս կարևոր ծրագիրը կնպաստի երիտասարդների ներուժը բացահայտելուն և ավելի պայծառ ու հարուստ ապագա ունենալուն»,-իր հերթին նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը:
«Անգլերենի դասընթացները կենտրոնանում են հաղորդակցության բաղադրիչի վրա, մինչդեռ աշխատանքային հմտությունների դասավանդումը ուսանողներին պրակտիկ գիտելիքներ կտա՝ օգնելու ավելի արագ, հեշտ և արդյունավետ մուտք գործել աշխատաշուկա»,-ընդգծել է Բրիտանական խորհրդի Անգլերենի ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը:
Նշենք, որ նախագիծն իրականացվում է Բրիտանական խորհրդի «Անգլերենը և աշխատանքային հմտությունները կարիերայի զարգացման համար» ծրագրի շրջանակում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։