Քոլեջ-գործատու հերթական հաջող համագործակցությունը
2018-11-23
Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջը հուշագիր է կնքել ՀՀ Լոռու մարզի՝ կաթնամթերի արտադրությամբ զբաղվող խոշոր գործատուների հետ, որոնց արտադրամասերում ուսանողները կրթությանը զուգահեռ պրակտիկ գիտելիքներ ձեռք կբերեն և ավարտելուց հետո աշխատանքի կանցնեն այնտեղ: Հուշագրի ստորագրմանը ներկա է գտնվել և կողմերին շնորհավորել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: «Լոռու մարզում նման համագործակցության առաջին փորձն է. նմանատիպ հուշագիր արդեն ստորագրվել է Բերդի ուսումնարանի և «Տավուշ տեքստիլի» միջև: Նախատեսվում է ուսհաստատություն-գործատու այս ձևաչափը զարգացնել նաև ՀՀ մյուս մարզերում և Երևանում՝ այն դարձնելով շարունակական գործընթաց: Մեզ համար շատ կարևոր է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը, քանի որ այն ուղղակիորեն կապված է աշխատաշուկայի և տնտեսության զարգացման հետ: Առանց գործատուների հետ համագործակցության՝ ՄԿՈՒ ոլորտն ապագա չունի, և այս մասին վկայում է նաև միջազգային հաջողված փորձը: Այն գործատուն, ով մտածում է իր բիզնեսի երկարաժամկետության մասին, անպայման կհաջողի, իսկ դրա լավագույն արդյունքը որակյալ կադրերի պատրաստումն է: Մենք նաև կարևորում ենք, որ Ստեփանավանի քոլեջը պահպանել է իր հիմնական՝ գյուղատնտեսական ուղղվածությունը, և ուրախալի է, որ տարեցտարի ավելանում է այս մասնագիտությունների գծով սովորողների թիվը»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ շնորհակալություն հայտնելով գյուղատնտեսական կրթության ոլորտում ՄԿՈՒ հաստատություններին աջակցող դոնոր կազմակերպություններին, մասնավորապես, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությանը և Վորլդ Վիժն կազմակերպությանը, ինչպես նաև Եվրոպական միությանը՝ հսկայածավալ աջակցության համար: «Այսպիսի ցածր աշխատավարձերի պարագայում ձեր կատարած աշխատանքն իսկապես մեծ նվիրում է պահանջում, որպեսզի զարգացնեք նման ուսհաստատություն»,-դիմելով քոլեջի պրոֆեսորադասախոսական կազմին՝ նշել է փոխնախարարը և հավաստիացրել, որ այս ամենը չի մնալու թղթի վրա, այլ քայլ առ քայլ վերածվելու է իրական համագործակցության:
ԿԳՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի խոսքով՝ նախարարությունը երբեք չի հաջողի, եթե չլինի ուսհաստատության աջակցությունը: Այս համատեքստում նա կարևորել է ուսհաստատությունների նախաձեռնողականությունն ու նորարարությունների ներմուծումը ուսումնական գործընթաց:
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը կարևորել է գործատուների դերը՝ հատկապես գյուղատնտեսական մասնագիտությունների գծով: «2016 թվականից Սյունիքի մարզում ծրագիր ենք իրականացնում՝ ուղղված մասնագիտական կրթության բարելավմանը, հիմնականում «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» և «Անասնաբուժություն» մասնագիտությոնների գծով: Ներկայումս ցանկանում ենք այդ հաջողված փորձը տարածել նաև մյուս մարզերում: Ծրագրի շրջանակում «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության համար մշակվել է ուսումնական ձեռնարկ, որը պարունակում է բոլոր մասնագիտական մոդուլները: Այս ոլորտում այն նմանատիպ առաջին ձեռնարկն է, որի կազմման ընթացքում օգտագործվել է ժամանակակից գրականություն»,-նշել է Լիլիթ Հովհաննիսյանը՝ շնորհակալություն հայտնելով ԿԳՆ-ին՝ ակտիվ համագործակցության համար: