ԿԳՆ պատվոգիր` Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յանգ Մեյխուին
2018-11-23
Հայաստանում չինարենի և չինական մշակույթի տարածման գործում ունեցած ավանդի համար Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յանգ Մեյխուն պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով: Հանձնելով պարգևը՝ ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն իր գոհունակությունն է հայտնել մեր երկրում Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեության ընդլայնման կապակցությամբ, որի արդյունքում մեծացել է նաև չինարենի և չինական մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը: «Դրա մասին է վկայում Հայ-չինական բարեկամության դպրոցի դիմորդների աննախադեպ մեծ թիվը: Դպրոցն ամենամեծն է տարածաշրջանում, որը, ինչ խոսք, շատ ուրախալի փաստ է, սակայն մենք պետք է մտածենք Չինաստանի հետ այլ հետաքրքիր նախագծեր իրականացնելու ուղղությամբ: Չինաստանի հետ մեր երկիրն ունի ավանդական պատմական կապեր, և հատկապես կրթության և գիտության ոլորտում այդ համագործակցությունը պետք է ընդլայնվի, մասնավորապես, ուսանողների փոխանակման, գիտական համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում»,- նշել է փոխնախարարը:
Յանգ Մեյխուն շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ Կոնֆուցիուսի ինստիտուտի աշխատանքը գնահատելու համար՝ ընդգծելով, որ այն լավագույն խթանը կհանդիսանա հետագա արդյունավետ գործունեության համար: «Մեր կողմից կանենք հնարավորը՝ Հայաստանի և Չինաստանի միջև կրթագիտական ոլորտում համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու և զարգացնելու համար»,-նշել է Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրենը: