Մեկնարկել է «ԱՊՀ և ՇՀԿ լեզուների և մշակույթների երկխոսությունը 21-րդ դարում» համաժողովը
2018-11-22
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում այսօր մեկնարկել է «Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լեզուների և մշակույթների երկխոսությունը 21-րդ դարում» 14-րդ միջազգային համաժողովը, որն իրականացվում է Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի և ԵՊԼՀ-ի համատեղ ջանքերով՝ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական ֆոնդի ֆինանսական աջակցությամբ:
Համաժողովի բացմանը ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանն ընթերցել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ուղերձը, որում, մասնավորապես, նշված էր. ‹‹Ժամանակակից աշխարհում առանց լեզուների երկխոսության անհնար է ապահովել մշակութային երկխոսությունը: Այս առումով նշանակալի և անփոխարինելի է նման միջոցառումների դերը, որոնք ուղղված են մեր երկրների կրթական և մշակութային ոլորտի համագործակցության զարգացմանը, ինչպես նաև բարեկամական միջավայրի ստեղծմանը: Լիահույս եմ, որ այս ֆորումն արդյունավետ հարթակ կծառայի հստակ ծրագրերի և նախաձեռնությունների համար, որոնք հնարավորություն կընձեռեն ԱՊՀ և ՇՀԿ երկրների քաղաքացիներին՝ սովորել լեզուներ և իրականացնել մշակութային երկխոսություն: Համաժողովն արդյունավետ ձևաչափ է բարձրագույն կրթության ժամանակակից համակարգի զարգացման տեսանկյունից: Վստահ եմ, որ այս միջոցառումը կնպաստի նաև մեր երկրների միջև նորարարական համագործակցության խորացմանը›:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Իրինա Կրաևան, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ընդհանուր քաղաքական և սոցիալական խնդիրների հումանիտար համագործակցության դեպարտամենտի փոխնագահ Փիրուզա Կոսիմովան:
Հավելենք, որ համաժողովի ծրագրով նախատեսվում է անցկացնել լիագումար նիստ, կլոր-սեղան հանդիպումներ, վարպետության դասեր, որոնց կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Հյուսիսային Օսիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջատար բուհերի, գիտական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ:
Համաժողովի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 23-ին: