ՄԿՈՒ համակարգի զարգացումը կապահովի տնտեսության իրական աճ
2018-11-21
ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, Եվրոպական կրթական հիմնադրամի /ԵԿՀ/ աջակցությամբ, մշակել է «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման /ԱՀՈՒ/ զարգացման 2019-2025թթ. հայեցակարգի և ճանապարհային քարտեզի» նախագիծը, որն այսօր ներկայացվել է բոլոր շահառու խմբերին: Նախագծի ներկայացմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, Եվրոպական կրթական հիմնադրամի մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում մասնավոր հատվածի ներգրավման գծով մասնագետ Դիդիյե Ժիլբերին, միջազգային փորձագետներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ վերջին շրջանում ԿԳ նախարարությունը բավականին մեծ ուշադրություն է դարձնում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի զարգացմանը: «Այս ընթացքում չի եղել գեթ մեկ կարևոր նախաձեռնություն, որը չստանա ԿԳՆ-ի աջակցությունը. ավելին՝ մենք բոլոր հնարավոր միջոցներով խթանում ենք ՄԿՈՒ համակարգի զարգացումը, քանի որ այն մեր երկրի տնտեսության համար ունի առանցքային նշանակություն: Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ ՄԿՈՒ համակարգի նկատմամբ մեծ ուշադրությունը բերում է տնտեսության իրական աճի: Այս համատեքստում կարևոր է գործատուների հետ համագործակցությունը. վերջիններս ներգրավված են համարյա բոլոր ուսհաստատությունների կառավարման խորհուրդներում, սակայն այդ կապը միշտ չէ, որ արդյունավետ է: Դրա համար այն պետք է լինի փոխշահավետ. գործատուն որակյալ կադրերի պատրաստման մեջ պետք է տեսնի իր բիզնեսի զարգացման շահը»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այդ առումով այսօր ներկայացվելիք հայեցակարգը բավականին կարևոր գործընթացի մեկնարկ է՝ հետագայում էլ ավելի ուժեղացնելու ԱՀՈՒ-ն, աշխուժացնելու ուսանողների պրակտիկ գիտելիքները և գործատուների հետ կապը: «Դրա համար անհրաժեշտ են նաև օրենսդրական փոփոխություններ: Այստեղ նախ պետք է գործի փոխշահավետության սկզբունքը, իսկ դրա համար ամբողջ աշխարհում օգտագործվում է հարկային արտոնությունների մեխանիզմը: Օրինակ, ունենք գյուղատնտեսական քոլեջներ, որոնք իրենց շուրջն ունեն 5 հա ամայի տարածություն կամ չօգտագործվող ջերմոցներ, սակայն զարգանալու խթան չունեն: Հետևաբար, նախարարության խնդիրն է՝ աջակցել նրանց, ապահովել գործատուների հետ կապը և մշակել համապատասխան քաղաքականություն»,-նշել է փոխնախարարը՝ շնորհակալություն հայտնելով Եվրոպական միությանը և ԵԿՀ-ին՝ նմանատիպ նախաձեռնությունների համար և հույս հայտնել, որ վերջիններս կմեծացնեն Հայաստանի ՄԿՈՒ ոլորտին տրամադրվող աջակցությունը:
Ներկաներին ողջունել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն 28 երկրներում նմանատիպ ծրագրերի աջակցության մեծ փորձ ունի: Նա կարևորել է ՄԿՈւ ոլորտում ներդրումների իրականացումը՝ համակարգի զարգացման գործընթացում ներառելով նաև գործատուներին և բոլոր շահագրգիռ կողմերին: Գրեգորի Ցուրիսն անդրադարձել է նաև գործատուների կողմից պահանջվող հմտությունների ձեռքբերման, ուսումնական պլանների կազմման և դասախոսների վերապատրաստման խնդիրներին:
Եվրոպական կրթական հիմնադրամի մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում մասնավոր հատվածի ներգրավման գծով մասնագետ Դիդիյե Ժիլբերին իր հերթին նշել է, որ «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման /ԱՀՈՒ/ զարգացման 2019-2025 թթ. հայեցակարգի և ճանապարհային քարտեզի» նախագիծը շուրջ մեկ տարվա քրտնաջան աշխատանքի արդյունք է, որի շուրջ քննարկումները նպատակ ունեն հետադարձ կապի ապահովման և համապատասխան առաջարկների և դիտողությունների ներկայացման:
Քննարկման ընթացքում նշվել է, որ փաստաթղթի մշակման գործընթացում՝ որպես առաջիկա տարիներին Հայաստանի առջև ծառացած մարտահրավեր, սահմանվել են ԱՀՈՒ ֆինանսական խնդիրները: Այս առումով քննարկվել են աշկերտության ֆինանսավորման համար ծախսերի և ԱՀՈՒ ֆինանսական և ոչ ֆինանսական խթանների ծախսերի վերլուծության և խրախուսման միջոցները: Քննարկման արդյունքում աշխատանքային խումբը կամփոփի առաջարկությունները և հայեցակարգը կներկայացնի ԿԳ նախարարության հաստատմանը: