Աշխատանքի վրա հիմնված ուսուցումը կակտիվացնի գործատուների հետ կապը. Հովհաննես Հովհաննիսյան
2018-11-20
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպական կրթական հիմնադրամի /ԵԿՀ/ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում մասնավոր հատվածի ներգրավման գծով մասնագետ Դիդիյե Ժիլբերին: Փոխնախարարը նշել է, որ առանց Եվրոպական միության տեխնիկական և բովանդակային աջակցության` Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում հնարավոր չէր լինի իրականացնել բազմաթիվ բարեփոխումներ և ստանալ ցանկալի արդյունք: Նրա խոսքով` ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, ԵԿՀ-ի աջակցությամբ, մշակել է «Հայաստանում ԱՀՈՒ զարգացման 2019-2025թթ. հայեցակարգի և ճանապարհային քարտեզի» նախագիծը` ընդգծելով, որ Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցումն /ԱՀՈՒ/ առաջնահերթություն է դիտարկվում ՄԿՈՒ ոլորտում: Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ այս փաստաթուղթը կարող է ուղենիշ դառնալ` ԱՀՈՒ ներդրման գործընթացում: «Աշխատանքի վրա հիմնված ուսուցումը հնարավորություն կտա ակտիվացնել գործատուների հետ կապը և պրակտիկ ուսուցում իրականացնել աշխատավայրում` դրանով իսկ նպաստելով շրջանավարտների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Գործատուները պետք է գիտակցեն, թե որքան կարևոր է ՄԿՈՒ ոլորտն իրենց բիզնեսի և, առհասարակ, ՀՀ տնտեսության համար»,- նշել է փոխնախարարը` ընդգծելով, որ ԱՀՈՒ զարգացման ճանապարհային քարտեզը ենթադրում է որոշակի օրենսդրական փոփոխություններ, ինչպես նաև ֆինանսավորման նոր բանաձևի ներմուծում: Դիդիյե Ժիլբերին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Եվրոպական կրթական հիմնադրամը վերջին տարիներին բովանդակային աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ՄԿՈՒ ոլորտին` ընդգծելով այդ հարցում ԿԳ նախարարության հետևողական աշխատանքը և սոցգործընկերների և գործատուների հետ համագործակցությունը: Զրուցակիցները հույս են հայտնել, որ նոյեմբերի 21-ին նախատեսվող «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման /ԱՀՈՒ/ զարգացման 2019-2025 թթ. հայեցակարգի և ճանապարհային քարտեզի» նախագծի ներկայացումը մեկ անգամ ևս կկարևորի ԱՀՈՒ-ի զարգացումը ոլորտի շահառուների և սոցգործընկերների շրջանում: