ԿԳՆ-ն պարզաբանում է

2018-11-16

Կրթության և գիտության նախարարի 2018-10-02 թիվ 02/10/14489-18 գրությամբ Երևանի պետական համալսարանին և  2018-10-17 թիվ 01/10/15273-18 գրությամբ  Երևանի պետական համալսարանի ուսանող Դավիթ Պետրոսյանին ուղղված գրությունների վերաբերյալ  ՀՀ ԿԳՆ-ն պարզաբանում է.

Երևանի պետական համալսարանի ուսանող Դավիթ Պետրոսյանի դիմումի հիման վրա նախարարությունում ուսումնասիրվել են ԵՊՀ ուսանողական խորհրդի գործունեության իրավական հիմքերն ու իրավաչափությունը:
Դիմումում բարձրացված հարցերը համադրելով ԵՊՀ ուսանողական խորհրդի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի հետ՝ ակնհայտ է, որ առկա են հակասություններ և դրանցով պայմանավորված մի շարք խախտումներ:

Այսպես.
ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը  «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1408-Ն որոշմամբ հաստատվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրությունը, որի 137-րդ կետով սահմանվում է, որ.
«137. ԵՊՀ-ի ուսանողական խորհուրդը ԵՊՀ-ում գործող ուսանողական կազմակերպություն է, որը սովորողների ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական մարմին է: Ուսանողական խորհրդի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊՀ-ի կանոնադրությամբ և ուսանողական խորհրդի կանոնադրությամբ: ԵՊՀ-ի ուսանողական խորհրդի կանոնադրությունն ընդունվում է ուսանողական խորհրդի բարձրագույն ղեկավար մարմնի կողմից և հաստատվում լիազոր մարմնի կողմից:»:
ԵՊՀ ուսանողական խորհրդի գործող կանոնադրությունը հաստատվել է  ԵՊՀ ուսանողական խորհրդի 2014թ. դեկտեմբերի 19-ին կայացած համագումարում: Համաձայն կանոնադրության 1.1 կետի՝ «ԵՊՀ ուսանողական խորհուրդը» (այսուհետ՝ ՈւԽ) ԵՊՀ-ում գործող ուսանողական կազմակերպություն է, որը ԵՊՀ ուսանողության ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական և նրա ընկերային շահերը ներկայացնող ընտրովի մարմին է: ՈՒԽ-ի  կանոնադրությունն ընդունվել է ՈՒԽ համագումարի կողմից, սակայն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից չի հաստատվել:
Կանոնադրության 4.6 կետի համաձայն՝ ՈՒԽ համագումարը հրավիրվում է առնվազն 3 տարին մեկ անգամ՝ ՈՒԽ նախագահության կողմից: ԵՊՀ  ՈՒԽ  համագումարը լսում և հաստատում է ՈՒԽ նախագահության տարեկան հաշվետվությունը, քննարկում և սահմանում է ՈՒԽ տարեկան գործունեության կարևորագույն ուղղությունները և առաջիկա տարվա ծրագրային առաջնայնությունները /կետ 4.7/: Այս երկու կետերում առկա է հակասություն. այն է՝ տարեկան հաշվետվություն լսելու, կամ տարեկան գործունեության ուղղությունները սահմանելու համար անհրաժեշտ է նախատեսել ոչ թե 3 տարվա, այլ առնվազն մեկ տարվա համագումարի նիստ հրավիրելու պահանջ:
ՈՒԽ համագումարի վերջին նիստը տեղի է ունեցել 2018թ. սեպտեմբերին՝ 2017թ. դեկտեմբերի փոխարեն, ինչի արդյունքում խախտվել է կանոնադրության 4.6 կետով սահմանված 3-ամյա ժամկետը:
Կանոնադրության 4.7 կետի դ/ ենթակետի համաձայն՝ համագումարը որոշում է կայացնում ՈՒԽ-ի վերակազմավորման վերաբերյալ, իսկ 9.1 կետը սահմանում է, որ ԵՊՀ ՈՒԽ-ն վերակազմավորվում է ԵՊՀ ՈՒԽ համագումարի անդամների 2/3 որոշմամբ: Կանոնադրությամբ, սակայն, նախատեսված չեն ՈՒԽ-ի վերակազմավորման, ինչպես նաև գործունեության դադարեցման հիմքերը:
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ.
«7. Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողները կարող են միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում: Ուսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման և գործունեության կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:»:
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հիշյալ դրույթի հիման վրա ներկայումս նախարարությունում քննարկման և մշակման փուլում է գտնվում ուսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման և գործունեության կարգի (այսուհետ՝ Կարգ) նախագիծը: Հիշյալ նախագծի մշակման աշխատանքներն իրականացվում են հաշվի առնելով նաև ԵՊՀ ՈՒԽ և «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության ներկայացրած դիտարկումները և առաջարկությունները:
Հիշյալ կարգի ընդունումից հետո բոլոր բուհերում, այդ թվում ԵՊՀ-ում, կգումարվեն ուսանողության ժողովներ, որոնք կընդունեն ուսանողական խորհրդի նոր կանոնադրություններ և դրանք սահմանված կարգով կներկայացվեն Կրթության և գիտության նախարարության հաստատմանը: Նոր կանոնադրությունների ընդունումն իր հերթին հնարավորություն կընձեռի ձևավորելու նոր ընտրական հանձնաժողովներ, որոնք էլ կկազմակերպեն բուհերի ֆակուլտետների ՈՒԽ-ների, ինչպես նաև ՈՒԽ Համագումարի պատվիրակների ընտրությունները:
Հարկ է նշել նաև, որ Կրթության և գիտության նախարարության կողմից ԵՊՀ ՈՒԽ և «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությանն ուղղված գրություններն ամբողջությամբ համահունչ են և բխում են վերոշարադրյալի տրամաբանությունից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։