Լիլիթ Արզումանյանի նշանակման հիմքում փորձն ու գիտելիքներն են. Արայիկ Հարությունյան
2018-11-15
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աշխատակազմին և պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին:
Ներկայացնելով բուհի նոր ղեկավարին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արզումանյանի հետ մեծ հույսեր է կապում. «Ուզում եմ անդրադառնալ տիկին Արզումանյանի նշանակման առնչությամբ հանրային հարթակներում հնչող մեկնաբանություններին: Կարծիքներ են հնչում` եթե Բարձրագույն որակավորման կոմիտեում Լիլիթ Արզումանյանին փոխարինել են այլ անձով, ինչո՞ւ են նրան նոր պաշտոնի նշանակում: Հիմնավորումը շատ հստակ է. կոնկրետ կառույցում զարգացման տեսլականը կարող ես վստահել այլ ղեկավարի, միաժամանակ նախկին ղեկավարին վստահել մեկ այլ կառույցի զարգացումը: Ես կարծում եմ, որ Լիլիթ Արզումանյանի փորձը, գիտելիքներն ու կապերը շատ կարևոր են»,- նշել է Արայիկ Հարությունյանը` ավելացնելով, որ կինոյի և թատրոնի ոլորտի ներկայացուցիչները ջերմ ու դրական վերաբերմունք ունեն նրա նկատմամբ: Լիլիթ Արզումանյանը մինչ նշանակումն ինստիտուտում աշխատել է որպես ամբիոնի վարիչի պաշտոնակատար և բուհի խնդիրներին և անձնակազմին ծանոթ է ներսից: Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ նոր պաշտոնակատարի հետևողական աշխատանքը կնպաստի բուհի զարգացմանը, և արդյունքները տեսանելի կլինեն. «Մենք հույս ունենք, որ բուհի շուրջ ստեղծված բացասական մթնոլորտը, որը վերջին շրջանում նաև հրապարակային դրսևորում է ստացել, կհաջողվի հարթել` ներգրավելով առաջին հերթին ուսանողներին: Մենք կարևորում ենք նաև բուհական համակարգի միջազգայնացումը և Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտն այս առումով լուրջ անելիք ունի»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:
Միաժամանակ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախկին ռեկտոր Դավիթ Մուրադյանին` կատարած աշխատանքի համար` նշելով, որ նախկինում կատարվածի և կուտակված դրական փորձի հիմքի վրա կառուցվելու են նոր ծրագրեր:
Ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին` վստահության համար և շեշտել, որ ջանքեր է ներդնելու բուհի զարգացման համար:
Նշենք, որ Լիլիթ Արզումանյանը բանասիրական գիտությունների դոկտոր է, աշխատել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, հինգ գրքի /գրականագիտություն և արձակ/ և ութ տասնյակ գրականագիտական, հրապարակախոսական և թատերագիտական հոդվածների հեղինակ է, Հայաստանի գրողների միության և Հայաստանի թատերական գործիչների միության անդամ :
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Մուրադյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: