Դուալ կրթություն` երաշխավորված աշխատանք. ցուցադրություն Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում
2018-11-12
Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ուսանողների հմտությունների, կրթություն-աշխատաշուկա համագործակցությամբ պայմանավորված նոր մասնագիտական ծրագրերի ցուցադրություն՝ ՀՀ Շիրակի մարզի ուսումնարանների և քոլեջների, ինչպես նաև դուալ կրթական համակարգում ներգրավված քոլեջների մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը, Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվավոր հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը և այլ անձինք:
Փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ցուցադրության մասնակիցներին, նշել է, որ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլ ողջ աշխարհի համար: «Ցավոք, մեր երկրում այս ոլորտը որոշակիորեն անտեսվել է, քանի որ մեր ժողովրդի մեջ ընդունված է, որ երեխաներն անպայման պետք է գնան բուհ: Սակայն փորձը ցույց է տալիս, որ բուհից հետո նրանցից շատերն աշխատում են այն մասնագիտությունների գծով, որ կարող էին ստանալ նաև միջին մասնագիտական հաստատություններում: Այդ պատճառով էլ բուհական ոլորտն ուռճացվել է, իսկ ՄԿՈՒ-ն բավականաչափ չի արժևորվել: Դրա համար մենք հետևողական քայլերով ցանկանում ենք հասարակությանը հասցնել այն միտքը, որ եթե երեխան ավելի հակված է արհեստի, ապա գնա ուսումնարան և քոլեջ»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը և հավելել, որ նախարարությունն այս համատեքստում մեծ ուշադրություն է դարձնում գործատուների հետ համագործակցությանը: «Գործատուների հետ կապը ՄԿՈՒ ոլորտի համար կենսական նշանակություն ունի, իսկ դուալ համակարգը, որն այսօր փայլուն կերպով ներկայացվեց, այդ կապի պահպանման կարևոր հիմնասյուններից է: Ուսանողը տեսական մասը՝ 30 տոկոսը, անցկացնում է ուսհաստատությունում, իսկ 70 տոկոսը՝ աշխատանքի վայրում, որը նրան լիարժեք մասնագետ դառնալու հնարավորություն է ընձեռում: Այդ պատճառով մենք կարևորում ենք դուալ համակարգը և հետևողական ենք լինելու՝ այն ներդնելու նաև այլ հաստատություններում»,-նշել է փոխնախարարը՝ բոլոր գործատուներին կոչ անելով ներգրավվել ոլորտի աշխատանքներում, որովհետև այն, ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, ուղղակիորեն կապված է իրենց բիզնեսի հետագա զարգացման հետ: «Գործատուները պետք է գիտակցեն, թե որքան կարևոր է ՄԿՈՒ ոլորտն իրենց բիզնեսի, և, առհասարակ, ՀՀ տնտեսության համար: Այդ տեսանկյունից ևս մենք հետևողականորեն զարգացնելու ենք այս ոլորտը, և պատահական չէ, որ արդեն 13 դոնոր կազմակերպություն տարբեր ձևաչափերով ներգրավված է ՄԿՈՒ համակարգում: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ այն փայլուն աշխատանքի համար, որ կոլեկտիվները և հատկապես ուսանողներն այսօր կատարեցին՝ իրենց ուսհաստատությունները լավագույնս ներկայացնելու համար»,-նշել է փոխնախարարը:
Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ անչափ կարևորում է այսօրինակ ծրագրերի իրականացումը. «Շիրակը արհեստների ու արվեստների քաղաք է. այստեղ առավել քան կարևոր է արհեստների զարգացումը և միջին մասնագիտական կրթության կազմակերպումը: Ցավոք, ներկայումս կան մասնագիտություններ, որոնք համարվում են «մեռնող», քանի որ երիտասարդները չեն հետաքրքրվում դրանցով, օրինակ` լավ դարբինների կարիք շատ է զգացվում, այնինչ դարբիններ չկան: Մեր երիտասարդները պետք է հետաքրքրվեն ու կարողանանան լավ արհեստավորներ դառնալ: Մենք՝ որպես մարզային իշխանություններ, ամեն ինչ անելու ենք այս խնդիրների լուծման համար և պատրաստ ենք համագործակցության»,-նշել է փոխմարզպետը:
Ցուցադրության ընթացքում Շիրակի մարզի նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները ներկայացրել են սովորողների աշխատանքները և պատմել նոր մասնագիտությունների մասին: Դուալ կրթական համակարգում ներգրավված քոլեջները ցուցադրել են ծրագրի ներդրման արդյունքները:
«Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանը ներկայացրել է դուալ համակարգի ներդրման մեթոդաբանությունը:
Միջոցառման ընթացքում Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի և «Բեռլին», «Վիկտորիա Պլազա» հյուրանոցների, ինչպես նաև Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի միջև կնքվել են համագործակցության հուշագրեր:
Նշենք, որ միջոցառումն իրականացվել է Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ԳՄՀԸ ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի աջակցությամբ:
Հիշեցնենք, որ դուալ համակարգը ՄԿՈՒ քոլեջների և վերապատրաստում տրամադրող ձեռնարկության միջև սերտ համագործակցություն է ապահովում: Այն ծնվել է Գերմանիայում և հետագայում մեծ տարածում գտել այլ եվրոպական երկրներում: Հայաստանում պիլոտավորվող այս համակարգն օգնում է զարգացնել ՄԿՈւ շրջանավարտների մասնագիտական կարողությունները՝ ապահովելով նրանց մրցունակությունը աշխատաշուկայում: Համակարգը նաև նպաստում է սոցիալական գործընկերության զարգացմանը կրթության ոլորտում, որն իր հերթին դառնում է տնտեսության արդիականացման և զարգացման հզոր խթան: Դուալ համակարգի կենտրոնում գտնվում է աշխատանքի վրա հիմնված գործընթացի հայեցակարգը:
Դուալ համակարգը ներդրվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից և Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի միջև համագործակցության շրջանակում: Այն արդեն գործում է Հայաստանի 11 քոլեջում՝ Վայոց Ձորի, Տավուշի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Երևանի թիվ 1 և 2 տարածաշրջանային, Երևանի հումանիտար և ինֆորմատիկայի պետական քոլեջներում, ինչպես նաև Երևանի թիվ 6 և Գյումրիի թիվ 4 պետական արհեստագործական ուսումնարաններում: