Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն, դաստիարակ մրցույթների հաղթողների պարգևատրում
2018-11-12
«Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն» ամենամյա մրցույթները, համաձայն գործող կարգի, կազմակերպվում են երեք փուլով:
Ամփոփիչ հանրապետական փուլին այս տարի մասնակցել է 32 մանկավարժ` Հայաստանի Հանրապետության 9 մարզերից, Երևանից և Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններից: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովները փակ քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-ին ամփոփել են արդյունքները և ընտրել հաղթողներին, որոնց անունները կհրապարակվի պարգևատրման արարողության ժամանակ:
«Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողներն այս տարի կստանան դրամական պարգևներ: Հանրապետական փուլի մասնակից ուսուցիչներից ընտրվել են նաև մի շարք անվանակարգերի հաղթողներ, ովքեր նույնպես կխրախուսվեն:
Պարգևատրման արարողությանը ներկա կգտնվեն Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Միջոցառման ընթացքում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն զինվորների ուսուցիչներին պարգևներ կհանձնի Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Նշենք, որ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները կազմակերպվում են սկսած 2000 թվականից: Հաղթողները նույն մրցույթին կրկին կարող են մասնակցել 5 տարի անց: