Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

2018-11-08

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
Սոնա Հովհաննիսյանը ծնվել է 1963 թվականին, Երևանում, դերասանուհի Լիլյա Հովհաննիսյանի ընտանիքում: Սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցներում, 1980-1984 թթ.՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժնում, 1984-1989 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում՝ Ռաֆայել Մանգասարյանի դասարանում: 1990-1993 թթ. մասնակցել է պետական կոնսերվատորիայի ասիստենտուրա-ստաժիրովկայի «Խմբավարություն» մասնագիտության կուրսերին:
1984-1989 թթ. աշխատել է թիվ 118 հանրակրթական դպրոցում, եղել է երգ-երաժշտության ուսուցիչ և խմբավար, միաժամանակ որպես խմբավար աշխատել է քաղաքային պիոներների և դպրոցականների պալատում և մանկական գեղագիտական դաստիարակության կենտրոնում: Ղեկավարել է «Հայրեն» և «Ալելուիա» երգչախմբերը: 1995 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական ամբիոնում (2006 թ.՝ դոցենտ, 2016 թ.՝ պրոֆեսոր): 1992 թվականին հիմնադրել և առ այսօր ղեկավարում է «Հովեր» երգչախումբը: Երգչախմբի հետ համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում, Սլովենիայում, Լիբանանում, Լեհաստանում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Թայվանում, հանդես է եկել մի շարք հեղինակավոր դահլիճներում (Teatro Dal Verme (Իտալիա), Тhéâtre Nanterre-Amandiers, Cité de la Musique, Le Quartz (Ֆրանսիա), Strathmore Hall, Carnegie Hall (ԱՄՆ), Թայվանի ազգային համերգասրահ):
«Հովեր» պետական կամերային երգչախմբի հետ իրականացրել է մի շարք մեծակտավ վոկալ-խմբերգային ստեղծագործություններ և օպերաներ՝ «Սևիլյան սափրիչ», «Տոսկա», «Մադամ Բատերֆլայ», «Եվգենի Օնեգին», «Անուշ»:
ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2007 թ.
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2010 թ.

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։