Կարևորվել է ուսումնարաններում և քոլեջներում գործատուների հետ համագործակցության խնդիրը

2018-11-07

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ  իրականացվող «Հարավային Կովկասում մասնագիտական կրթության համագործակցություն» ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկին: Ողջունելով հյուրին` ԿԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել  տիկին Ֆոկին` այն աջակցության համար, որ ցուցաբերում է Գերմանիան նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության զարգացմանը: Նախարարի տեղակալը կարևորել է հատկապես Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի համագործակցության շրջանակում աշխատանքի վրա հիմնված դուալ կրթության համակարգի ներդրումը, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ փորձարկվում է Հայաստանի որոշ ՄԿՈՒ հաստատություններում: Փորձնական ծրագրի  գլխավոր նպատակն է գերմանական դուալ համակարգի փորձի հիման վրա նպաստել Հայաստանում երիտասարդների զբաղվածության խթանմանը՝ մասնագիտական կրթության ընտրության և աշխատաշուկայում մրցունակության բարձրացման ճանապարհով:  «Հարավային Կովկասում մասնագիտական կրթության համագործակցություն» ծրագրի շրջանակում ստեղծվել է «Բիզնես և մասնագիտական կրթություն» հիմնադրամը, որի նպատակն է խթանել գործատուների, պետական մարմինների և այլ շահագրգիռ կառույցների համագործակցությունը քոլեջների և ուսումնարանների հետ:  
ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ գործատուների հետ համագործակցությունը ՄԿՈՒ համակարգի առաջնային խնդիրներից է: Նրա խոսքով` բոլոր ուսումնարանների ու քոլեջների կառավարման խորհուրդների կազմերում ընդգրկված են գործատուներ, բայց դա որոշ դեպքերում արդյունավետ համագործակցության չի վերածվում: Հովհաննես Հովհաննիսյանը նաև հույս է հայտնել, որ աշխատանքի վրա հիմնված դուալ կրթության համակարգի ներդնումը կնպաստի գործատուների հետ համագործակցության բարելավմանը: Հանդիպմանը ներկա ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը տեղեկացրել է, որ նախարարությունը մշակել և  ներդրել է  մոնիթորինգի համակարգ, որի նպատակն է հստակեցնել, թե քոլեջների և ուսումնարանների շրջանավարտների քանի տոկոսն է կարողանում աշխատանք գտնել իր մասնագիտությամբ: Նշվել է նաև, որ 2017թ.-ից ուսումնական հաստատություններում ստեղծվել են կարիերայի կենտրոններ, որոնց խնդիրն է  աջակցել շրջանավարտներին` աշխատանք գտնելու հարցում: Մոնիթորինգի համակարգը թույլ կտա հասկանալ աշխատաշուկայի պահանջարկն ու ճիշտ պլանավորել պետական պատվերը ՄԿՈՒ հաստատություններում: Իսկ ծրագրի շրջանակում գործարկվող կայքը լրացուցիչ հնարավորություն կտա էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացրել վերլուծություն: Այս համատեքստում կարևորվել են գերմանական կողմի աջակցությամբ դասավանդող մասնագետների և գործատուների վերապատրաստումները:  
Քննարկվել են նաև 2020թ-ից գործարկվող նոր ծրագրի ուղղությունները: Նախարարության կողմից առաջարկվել է համագործակցությունը շարունակել տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտներում (մասնավորապես Սյունիքի մարզում), ծրագրի շրջանակներում ընտրել փորձարարական ուսումնական հաստատություններ և աշխատաշուկայի պահանջարկից ելնելով՝ ներդնել նոր մասնագիտություններ: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։