Տրվել է բուհերի օնլայն մեդիա վարկանիշավորման ծրագրի մեկնարկը
2018-11-07
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և Մեդիամաքս մեդիա-ընկերության տնօրեն Արա Թադևոսյանն այսօր ներկայացրել են «Բուհերի օնլայն մեդիա վարկանիշը» ուսումնասիրության արդյունքները՝ 2018թ. հոկտեմբեր ամսվա համար: Ուսումնասիրությունն իրականացվել է Մեդիամաքսին պատկանող ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության և գնահատման MaxMonitor համակարգի միջոցով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ կրթության և գիտության ոլորտում առկա է լուսաբաման խնդիր, որի վերաբերյալ հանդիպումներ են տեղի ունեցել բուհերի մամուլի պատասխանատուների հետ և վերհանվել մի շարք խնդիրներ: «Այդ նպատակով սկսեցինք տարբեր գործիքներ մշակել և կատարելագործել՝ ԶԼՄ-ներում բարձրացնելու կրթության և գիտության ոլորտի վերաբերյալ լուսաբանման հաճախելիությունը, որի արդյունքում բուհերին վերաբերող հրապարակումներն աճ արձանագրեցին: Այդ ընթացքում Մեդիամաքսից ստացանք առաջարկ՝ մեդիա վարկանիշի գործիք ստեղծել բուհերի համար: Ծրագիրը փորձարկվեց մեկ շաբաթ՝ սեպտեմբերին և մեկ ամիս՝ հոկտեմբերին, որի արդյունքում բավականին հետաքրքիր արդյունքներ գրանցվեցին»-,նշել է նախարարի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ ուսումնասիրությունը թույլ կտա բուհերին իրենց գործունեության ընթացքում փոխել որոշակի շեշտադրումներ՝ իրենց արտադրանքը և մատուցած ծառայությունները հանրությանը հավուր պատշաճի ներկայացնելու և ուշադրություն դարձնելու այն խնդիրներին, որոնք քիչ են լուսաբանվում: Արայիկ Հարությունյանը կարևորել է, թե բուհերը որքանով են նախաձեռնող եղել և ինչ աշխատանք են տարել ԶԼՄ-ների հետ: «Ցավոք, առավել լուսաբանված նյութերը կապված են որոշակի սկանդալային խնդիրների հետ, հետևաբար մենք ցանկանում ենք, որ այս տրամաբանությունն ու շեշտադրությունը փոխվի, և բուհերը ներկայանան իրենց հետաքրքիր արտադրանքներով՝ լաբորատորիաներ, գիտահետազոտական կենտրոններ և այլն»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ այսօր մեկնարկում է «Բուհերի օնլայն մեդիա վարկանիշը» ուսումնասիրության հիմնական ծրագիրը:
Մեդիամաքս մեդիա-ընկերության տնօրեն Արա Թադևոսյանն իր հերթին ներկայացրել է ուսումնասիրության մեթոդաբանությունը՝ ընդգծելով, որ այդ նպատակով առանձնացվել է 40 լրատվական կայք: «Մեր ընտրությունը կանգ է առել այն կայքերի վրա, որոնք հիմնականում ունեն սեփական բովանդակություն, որպեսզի պատկերը լինի առավել կոռեկտ և իրականությանը մոտ: Այդ ցանկը հնարավոր է հետագայում փոփոխվի կամ ընդլայնվի»,-նշել է Արա Թադևոսյանը՝ ներկայացնելով ուսումնասիրության հիմնական ուղղությունները՝ բուհերի հիշատակումների բաշխվածություն, հիշատակումների երանգավորում՝ դրական, բացասական և չեզոք, հիմնական տեղեկատվական առիթներ և ըստ նախաձեռնության, այսինքն՝ ում է պատկանում տվյալ տեղեկատվության հրապարակման նախաձեռնությունը՝ բուհի՞ն, թե՞ լրատվամիջոցին: «Կարծում եմ՝ սա օգտակար գործիք է ԿԳՆ-ի և բուհերի համար: Առհասարակ, մեր ուսումնասիրության հիմնական նպատակն է՝ խրախուսել լավ իմաստով ներքին մրցակցություն, որը նրանց կդրդի առավել ակտիվ լինել»,-նշել է Արա Թադևոսյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր ամսվա վերջում ուսումնասիրությունը կներկայացվի ԿԳ նախարարությանը: «Կարծում եմ, որ այս հետազոտության կարևորությունը նաև նրանում է, որ այն չեզոք է և ԿԳՆ-ին հնարավորություն է տալիս բուհերի հետ հարաբերվելիս և որևէ առավելություն կամ բացթողում մատնանշելիս՝ վկայակոչել չեզոք վերլուծություն, որի կազմման հետ այն որևէ առնչություն չի ունեցել»,-նշել է Արա Թադևոսյանը:
Միջոցառման ընթացքում բանախոսները պատասխանել են նաև լրագրողների հարցերին:
«Բուհերի օնլայն մեդիա վարկանիշը» ուսումնասիրության արդյունքները` ստորև