Բուհական խորհուրդների փոփոխությունը կամրապնդի մեր պայքարը կոռուպցիայի դեմ. Ա. Հարությունյան

2018-11-02

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը  Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ այսօր քննարկել է կրթության ոլորտում հետագա համագործակցության մի շարք ծրագրեր:
Արայիկ Հարությունյանը, ողջունելով հյուրին, կարևորել է Եվրոպայի խորհրդի՝ ՀՀ կրթության ոլորտին տրամադրած աջակցությունը, մասնավորապես, «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար»  ծրագրի շրջանակում: Նրա գնահատմամբ՝ ծրագրի իրագործումը նպաստել է ինչպես բուհերի հաշվետվողականության բարձրացմանն ու թափանցիկության ապահովմանը, այնպես էլ բուհի կառավարման գործընթացում դասախոսների և ուսանողների դերակատարության ընկալմանը: Նախարարի խոսքով՝ նմանատիպ ծրագրերը շարունակական բնույթ պետք է կրեն: «Կոռուպցիայի դեմ պայքարում կարևորը քաղաքական կամքի առկայությունն է, որն այսօրվա իշխանություններն ունեն: Մեր նախնական ուսումնասիրությունները  վկայում են, որ կոռուպցիան  նվազել է  ինչպես հանրակրթությունում, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտում: Այս առումով շատ կարևորվում է ծրագրի շարունակականությունը, հատկապես որ նախատեսում ենք լուրջ փոփոխություններ կատարել բուհերի կառավարման խորհուրդներում, որն իր հերթին կամրապնդի մեր պայքարը կոռուպցիայի դեմ»,-շեշտել է Արայիկ Հարությունյանը:
Իր հերթին Նատալյա Վուտովան հայտնել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը Հայաստանի կրթական համակարգում իրականացվող ծրագրերի շարունակականության և նոր նախագծերի իրականացման ուղղությամբ: Նա կարևորել է կոռուպցիայի և ընտանեկան բռնությունների դեմ պայքարում  դպրոցականների իրավագիտակցության բարձրացմանն ուղղված քայլերը: Տիկին Վուտովայի խոսքով՝ նախանշվող ծրագրերը նախատեսվում են իրականացնել ուսուցիչների և աշակերտների շրջանում հանդուրժողականության, գենդերային հավասարության և խտրական վերաբերմունքի ընկալման ու ամրապնդման ուղղությամբ:
Ողջունելով Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի ներկայացրած նախագծերը՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է, և առաջիկա տարիների գործողություններն ուղղված են լինելու դրա կանխարգելմանը: Միաժամանակ, ԿԳ նախարարի պաշտոնակատարը կարևորել է իրականացվող ծրագրերի բովանդակությունն ու գործիքակազմը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության մի շարք այլ հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։