«Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը Շիրակի մարզում ևս փոխանցվեց ՀՀ կառավարությանը
2018-10-29
Շիրակի մարզում «Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը և իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից (ՊՀԾ) փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Այդ մասին ազդարարվել է այսօր` հոկտեմբերի 29-ին՝ Գյումրու թիվ 15 դպրոցում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունների, ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ներկայացուցիչներ, Շիրակի մարզի կրթության ոլորտի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ:
ԿԳ նախարարի պաշտոնակատարին և մյուս ներկաներին նախ ներկայացվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Շիրակի մարզում և Գյումրու թիվ 15 դպրոցում կատարված աշխատանքները: Զեկուցվել է, որ Շիրակի մարզում դպրոցական սննդի ծրագրում ընդգրկվել են բոլոր 147 դպրոցները, որտեղ հաճախում են 1-4-րդ դասարանների, ինչպես նաև դպրոցներին կից նախակրթարանների ավելի քան 13700 սաներ, ովքեր կստանան ամենօրյա սնունդ: Նշվել է, որ Շիրակի մարզի 133 դպրոցներում նորոգվել են խոհանոցային տարածքներն ու ճաշարանները, տրամադրվել են նոր սարքավորումներ, կատարվել է խոհարարների վերապատրաստում:
ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գնահատմամբ դպրոցական սննդի ծրագիրն արդյունավետ է և պետք է լինի շարունակական. «Դպրոցներում կայուն սննդի ապահովումը նպաստում է կրթության արդյունավետության բարձրացմանը. դա ապացուցվել է մասնագիտական տարբեր հետազոտություններով: Հայաստանի ինչպես նախկին, այնպես էլ ներկա կառավարությունները կարևորում են այս ծրագիրը: Մենք քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի ծրագիրը հավուր պատշաճի իրականացվի: Ավելին` նպատակ ունենք շարունակել և զարգացնել ծրագիրը, ինչպես նաև լուծումներ գտնել առկա խնդիրներին»,- նշել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ տաք սննդի կազմակերպման հետ կապված դժվարություններն աշխատանքային կարգով քննարկվել են մարզպետարանների, մասնավորապես Շիրակի մարզպետարանի պատասխանատուների հետ և ձեռնարկվում են քայլեր դրանք կարգավորելու ուղղությամբ: Արայիկ Հարությունյանի խոսքով` ծրագիրը կարևոր է նաև այն առումով, որ դպրոցական սննդի 76 տոկոսը կազմում է տեղական արտադրության մթերքը` այդ կերպ խթանելով տեղական արտադրանքի իրացումը:
ԿԳ նախարարի պաշտոնակատարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին և ՌԴ կառավարությանը` «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը մեր երկրում իրականացնելու համար: Իր հերթին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը ևս բարձր է գնահատել դպրոցական սննդի կազմակերպումը Հայաստանի մարզերի դպրոցներում և շեշտել, որ ՄԱԿ-ի հանձնառությունից կառավարությանն անցնելուց հետո ևս ծրագիրը գտնվում է հուսալի ձեռքերում:
ՌԴ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Աննա Վալկովայի խոսքով` Հայաստանի հետ համագործակցությունն արդյունավետ է, քանի որ ծրագրում ընդգրկված դպրոցների ավելի քան 50 տոկոսում տաք սնունդ է տրվում և դպրոցական սննդի տեսականին ավելացվում է:
Պաշտոնական արարողությունից հետո ներկաները շրջել են դպրոցում, ծանոթացել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում վերանորոգված և սարքավորումներով հագեցված խոհանոցի ու ճաշարանի աշխատանքին, ինչպես նաև երեխաների հետ միասին համտեսել դպրոցական ճաշը:
«Դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և ՀՀ կառավարության կողմից` ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» տեխնիկական և Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ սկսած 2010թ-ից: ՊՀԾ-ն ակտիվորեն աշխատում է իր կողմից իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության «Կայուն դպրոցական սնունդ» պետական ծրագրին փոխանցելու ուղղությամբ:
Ներկայումս ՊՀԾ-ն ուսումնական տարվա ընթացքում 180 օր տաք սնունդ է տրամադրում տարրական դասարանների 60,000 դպրոցականների Հայաստանի 10 մարզերից հինգում` Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը իրականացնում է մյուս հինգ մարզերում ` Շիրակում, Սյունիքում, Տավուշում, Վայոց Ձորում և Արարատում` ընդգրկելով տարրական դասարանների 40,000 աշակերտների:Նշենք, որ նախատեսվում է գալիք տարի ազգային ծրագրին փոխանցել Արագածոտնի մարզը: