Մեկնարկել է «Նախագծելով էվոլյուցիան» Գլոբալ ինովացիոն ֆորումը

2018-10-29

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր տեղի է ունեցել  «Նախագծելով էվոլյուցիան» խորագիրը կրող Գլոբալ ինովացիոն եռօրյա ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Գլոբալ ինովացիոն ֆորումը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից՝ Սփյուռքի հայկական գիտական ասոցիացիայի (ASDA) աջակցությամբ: Միջազգային ֆորումը համախմբելու է արհեստական բանականության, ռոբոտիկայի ու ինքնավար համակարգերի, կենսաբանության և տվյալագիտության առաջատար մասնագետների, գործարարների, գիտնականների, նորարարների աշխարհի մոտ 20 երկրի գիտական և տեխնոլոգիական կենտրոններից։ Միջոցառումը նաև կամուրջ կդառնա ակադեմիական և արդյունաբերական ոլորտների միջև` հնարավորություն ընձեռելով հայաստանյան մասնագետներին ու գիտնականներին հաղորդակցվելու միջազգային ճանաչում ունեցող առաջատարների հետ՝ անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելով նրանց հետագա համագործակցության համար: Գլոբալ ինովացիոն ֆորումը ներառում է եռօրյա հագեցած ծրագիր հետևյալ հիմնական ուղղություններով՝ կենսաբանության նվաճումները՝ կենսանյութերի մասին գիտություն, գենետիկա և գենոմիկա, բանականության ապագան՝ արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, ռոբոտիկա և ինքնավար համակարգեր:

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ֆորումի գիտնականների պատվին տրված աշխատանքային նախաճաշին, որի ընթացքում նախարարի պաշտանակատարը ներկայացրել է Հայաստանի կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները և ապագային միտված ծրագրերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։