Նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը Ստրասբուրգում հանդես է եկել զեկույցներով
2018-10-26
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը Ստրասբուրգում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կայուն զարգացման նպատակ 4-ին» նվիրված խորհրդատվական հանդիպմանը: ՀՀ պատվիրակության կազմում էր նաև Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Անահիտ Կարապետյանը: Միջոցառմանը մասնակցել են Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան ներկայացնող ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները: ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն իր ելույթում ընդգծել է ներառական կրթության ապահովման կարևորությունը բոլոր երեխաների համար, այդ թվում նաև տաղանդավոր երեխաների, որոնց կրթական պահանջները ևս պետք է հաշվի առնվեն քաղաքականության մշակման գործընթացում:
Նախարարի տեղակալը Ստրասբուրգում մասնակցել է նաև Եվրոպայի Խորհրդի Կրթական քաղաքականության և պրակտիկայի ղեկավար հանձնաժողովի նիստին, որին ներկայացված են Եվրոպայի Խորհրդի 50 անդամ պետությունները: Հաշվի առնելով, որ կրթության ոլորտին տրամադրվող ֆինանսավորումը նվազում է Եվրոպայի Խորհրդում, Արևիկ Անափիոսյանն իր զեկույցում կարևորել է այնպիսի հետազոտությունների դերը, որոնք հնարավորություն կտան վերհանել կրթության ոլորտում, այդ թվում նաև ԵԽ ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի երկարաժամկետ արդյունքները և ազդեցությունները: Մասնավորապես, փոխնախարարն առաջարկել է ուսումնասիրել «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» ծրագրի երկարաժամկետ ազդեցությունը, ինչն օրինակ կդառնա այլ անդամ պետություններում նմանատիպ հետազոտություններ կատարելու համար: Այս հետազոտությունների ամբողջական արդյունքները կարող են որպես հիմնավորում ծառայել ԵԽ քարտուղարությանը՝ կրթության ոլորտի ֆինանսավորման մեծացման անհրաժեշտությունը ներկայացնելիս:
Նախարարի տեղակալի հաջորդ զեկույցը վերաբերել է «Էթինեդ» հարթակի ներդրման հայկական փորձին և դրա շրջանակում երեք շահառու խմբերի համար մշակված վարքագծի կանոններին: Զեկույցում Արևիկ Անափիոսյանն առանձնացրել է այն մարտահրավերները, որոնք առաջացել են վարքագծի կանոնները մշակելու ընթացքում՝ հնարավորություն տալով դրանք հաշվի առնել այն երկրներին, որոնք Հայաստանից հետո կմշակեն այդ կանոնները: