Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել կիսվել դուալ համակարգի ներդրման իր փորձով
2018-10-18
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարի տեղակալ Արիանե Հիլդեբրանդտը, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, ԳՄՀԸ Կորպորատիվ զարգացման վարչության պետ Էլկե Զիհլը և ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպան այսօր այցելել են Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ, որտեղ մեկնարկել է գերմանական դուալ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի պիլոտավորման գործընթացը երկու նոր մասնագիտացումների գծով՝ «Ռոբոտաշինություն» և «Արևային էներգիայի համակարգերի շահագործում և սպասարկում»: Հյուրերը շրջայց են կատարել քոլեջում, որի ընթացքում ծանոթացել են դուալ համակարգի ներդրման գործընթացին, ներկա եղել ուսանողների պատրաստած ռոբոտների ցուցադրությանը:
Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությանը (BMZ)՝ հայկական կողմի հետ համատեղ բազմաթիվ ծրագրեր իրականացնելու համար: Նախարարի տեղակալը նշել է, որ հայ-գերմանական համագործակցությունը ներկայումս գտնվում է բարձր մակարդակի վրա՝ ընդգծելով, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում այն արդեն արձանագրում է տեսանելի արդյունքներ: Փոխնախարարը կարևորել է գերմանական դուալ համակարգի ներդրումը ՝ ընդգծելով, որ առանց այդ համակարգի՝ դժվար է պատկերացնել ՄԿՈՒ ոլորտի զարգացումը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարի տեղակալ Արիանե Հիլդեբրանդտն իր հերթին նշել է, որ Գերմանիան դուալ համակարգի կիրառման ոլորտում ունի հարուստ փորձ՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ համագործակցությունն առավել արդյունավետ է: Նրա խոսքով՝ գերմանական կողմը պատրաստ է կիսվել իր գիտելիքներով ու փորձով՝ հետաքրքրվելով, թե առավելապես ինչ խնդիրների և մարտահրավերների են բախվում հայ գործընկերները՝ ծրագրերի իրականացման գործընթացում:
Դուալ համակարգի ներդրմանը ներգրավված Ինսթիգեյթ Ռոբոտիքսի և Ֆրիներջին ընկերությունների ներկայացուցիչները, որտեղ քոլեջի ուսանողներն անցնելու են նշված կրթական ծրագրերի գործնական ուսուցումը, իրենց հերթին ներկայացրել են ՄԿՈՒ համակարգում մասնավոր հատվածի ներգրավվածության պատրաստակամությունը և շրջանավարտների հետագա զբաղվածության ապահովման հեռանկարները:
Հիշեցնենք, որ դուալ համակարգը ՄԿՈՒ քոլեջների և վերապատրաստում տրամադրող ձեռնարկության միջև սերտ համագործակցություն է ապահովում: Այն ծնվել է Գերմանիայում և հետագայում մեծ տարածում գտել այլ եվրոպական երկրներում: Հայաստանում պիլոտավորվող այս համակարգն օգնում է զարգացնել ՄԿՈւ շրջանավարտների մասնագիտական կարողությունները՝ ապահովելով վերջինների մրցունակությունը աշխատաշուկայում: Համակարգը նաև նպաստում է սոցիալական գործընկերության զարգացմանը կրթության ոլորտում, որն իր հերթին դառնում է տնտեսության արդիականացման և զարգացման հզոր խթան: Դուալ համակարգի կենտրոնում գտնվում է աշխատանքի վրա հիմնված գործընթացի հայեցակարգը:
Դուալ համակարգը ներդրվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից և Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի միջև համագործակցության շրջանակում: Այն արդեն գործում է Հայաստանի 7 քոլեջներում՝ Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջ, Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ, Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ, Երևանի պետական հումանիտար քոլեջ, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ: