Հայագիտությունը ոչ միայն գիտատեսական, այլ նաև պրակտիկ բնագավառ է. Հ. Հովհաննիսյան
2018-10-15
Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում այսօր մեկնարկել է «Բալթիկայից մինչև Սև ծով. հայերը մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացներում» եռօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցել է ավելի քան 60 հետազոտող՝ Ավստրիայից, Արգենտինայից, Բելառուսից, Բուլղարիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լիտվայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սերբիայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ֆրանսիայից:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով, որ նմանատիպ գիտական միջոցառումների անցկացումը կենսական նշանակություն ունի Հայաստանի ու, մասնավորապես, հայագիտության համար: «Հայագիտության բնագավառը գիտական դիսցիպլինների համակարգում իր կարևոր տեղն ունի: Չնայած տարիներ շարունակ պետության կողմից այն եղել է ուշադրության կենտրոնում, սակայն ֆինանսավորման առումով այդ ուշադրությունը բավարար մակարդակի վրա չի եղել: Հայագիտությունը տարբերվում է այլ դիսցիպլիններից նրանով, որ այն ոչ միայն գիտատեսական, այլ նաև պրակտիկ բնագավառ է՝ հայ ինքնության, հայապահպանության, անցյալն արժևորելու ու այս նոր ժամանակաշրջանում նորովի վերաիմաստավորելու տեսանկյունից: Հայագիտությունը և, մասնավորապես, հայերի դերը տարբեր երկրների քաղաքական, մշակութային, սոցիալական կյանքում արժևորելը մի անհատակ անդունդ է, որի ուսումնասիրումը ոչ միայն կարևոր գիտական առաքելություն է, այլ նաև գիտական հաճույք: Հիշում եմ, երբ ուսումնասիրում էի արխիվային փաստաթղթերն ու ամեն անգամ մի նոր փաստ գիտական վերլուծության ենթարկում, որքան մեծ էր իմ ուրախությունը, որ գիտական պրպտումներն ու ժամանակն իզուր չեն անցել»,-իր ելույթում նշել է Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ հայկական տարաբնույթ համայնքների ու առանձին անհատների դերի արժևորումը մեծ նշանակություն ունի նաև մերօրյա սփյուռքի և Հայաստանի կապերի նորովի ընկալման տեսանկյունից: «Չնայած նրան, որ գիտաժողովը վերնագրված է «Բալթիկայից մինչև Սև ծով», այդուհանդերձ ավելորդ չէ նշել հայկական համայքների կարևոր առաքելությունն այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Լիբանանը, Իրանը, Հնդկաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգները, Բրազիլիան, Արգենտինան և այլն: Զարմանալի է, բայց Աստվածաշնչի չինարեն առաջին թարգմանությունն անգլերենից կատարվել է հայ նվիրյալի կողմից»,-նշել է ԿԳ նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ անկախ նրանից, թե հայերը որ երկրում են հաստատվել, առաջին հերթին ստեղծել են եկեղեցի ու դպրոց՝ երկու կարևոր հաստատություններ, որոնք ապահովել են հայերի մշակութային, կրոնական, կրթական միասնությունն օտար հողի վրա: «Մեկ անգամ ևս ողջունում եմ ձեզ նոր Հայաստանում՝ այստեղ հաստատված ազատ մտքի ու ազատ քննադատության լույսի ներքո մաղթելով արդյունավետ քննարկումներ ու մտքերի ակտիվ փոխանակություն»,-ընդգծել է Հովհաննես Հովհաննիսյանը:
Գիտաժողովի ընթացքում նախատեսվում է ուսումնասիրել հայերի փոխգործակցության փորձը տարածաշրջանի այլ ժողովուրդների հետ՝ Բալթիկայից մինչև Սև ծով, ուսումնասիրել Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ պատմական և աշխարհագրական համատեքստում և գնահատել անցյալում և ներկա փուլում հայկական համայնքների դերը տարածաշրջանի պատմության մեջ: Միջոցառումը կազմակերպել էր «ԱՆԻՎ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության հիմնադրամը: