Հայաստանում ֆրանսիական համալսարանի այս տարվա շրջանավարտները կկրեն «Շառլ դը Գոլ» անունը

2018-10-10

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2017-2018 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին՝ այս կարևոր իրադարձության կապակցությամբ և նրանց մաղթել բարի երթ: «Ձեր կյանքում սա կարևոր օրերից մեկն է, բայց այս օրը կարևորվում է նաև նրանով, որ այս տարին շատ հետաքրքիր էր, քանի որ նոր Հայաստանում տեղի ունեցան մեծ փոփոխություններ: Մեր երկիրը միջազգային ասպարեզում սկսում է ավելի մեծ դեր խաղալ, և դրա լավագույն ապացույցներից մեկն էլ այն է, որ այսօր տասնյակ երկրների պատվիրակություններ գտնվում են Հայաստանում և նույնիսկ մի շարք հյուրեր այս դահլիճում են, ովքեր եկել են շնորհավորելու ձեզ»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ Ֆրանսիական համալսարանը դարձել է մեր երկրի կարևորագույն կրթօջախներից մեկը, որին հասնելու համար շատ բուհեր ջանքեր են գործադրում: «Սա կարևոր է երկու պատճառով՝ նախ մեծ թվով հիմարկներում և ձեռնարկություններում արդեն կարող եք հանդիպել այս բուհի լավագույն շրջանավարտներին, որոնք լավ մասնագետներ են, և երկրորդ՝ այս բուհը նաև քաղաքացիներ է կրթում: Երբ Հայաստանում տեղի էին ունենում քաղաքական գործընթացներ, և մենք փողոցներ էինք փակում, խաչմերուկներում հաճախ կարող էինք հանդիպել Ֆրանսիական համալսարանի ուսանողներին: Թեպետ բուհն իր ծագումով ֆրանսիական է, բայց այն նաև հայկական, ազգային բուհ է, որովհետև ինչպես մեր Մեծ Ազնավուրի համար Ֆրանսիան դարձավ մի երկիր, որտեղ նա մնաց 100 տոկոս ֆրանսիացի և 100 տոկոս հայ, այդպիսի մի միջավայր էլ ստեղծված է Ֆրանսիական համալսարանում, որտեղ հայերը 100 տոկոսով մնում են հայ: Կարծում եմ, որ Ֆրանսիական համալսարանը և դպրոցը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո էլ ավելի կարևոր դեր են խաղալու հայ-ֆրանսիական հարաբերությունների և Ֆրանկոֆոնիայի համար, որովհետև վստահ եմ, որ գագաթաժողովից հետո ֆրանկոֆոն երկրների շատ ընկերություններ և բիզնեսներ հաստատվելու են Հայաստանում, և նրանց ընտանիքների համար Ֆրանիսական համալսարանը և դպրոցը կարող են դառնալ լավագույն կրթօջախները, որտեղ նրանց երեխաներ կարող են առանց խնդիրների շարունակել իրենց ուսումը»,-նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ շրջանավարտների համար սա կարևոր փուլի ավարտ է, բայց նաև ավելի կարևոր փուլերի սկիզբ: 
Շրջանավարտներին իր ողջույնի խոսքն է ուղղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Միջոցառման ընթացքում համալսարանի մի խումբ ուսանողների հանձնվել են Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միության, Ընկերական օգնության հայկական ընկերակցության, բարերար Ռոյ Առաքելյանի կողմից կրթաթոշակների հավաստագրերը և Հայկական բարեգործական ընդհանուր միության գերազանցության կրթաթոշակների հավաստագրերը: Միջոցառման ընթացքում տրամադրվել են նաև Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցի շրջանավարտների ավարտական վկայականները: Նշենք, որ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ համագործակցության արդյունքում Հայաստանում ֆրանսիական համալսարանն ունի ավելի քան 2000 շրջանավարտ:
Այս տարվա շրջանավարտները կկրեն «Շառլ դը Գոլ» անունը:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։