Դրախտիկում բացվել է մոբիլ մանկապարտեզ

2018-10-09

ՀՀ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում այսօր բացվել է մոբիլ մանկապարտեզ, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարը նշել է, որ Դրախտիկ համայնքում կարևոր իրադարձություն է տեղի ունենում, քանի որ նախակրթարանները հանդիսանում են կրթական համակարգի կարևորագույն օղակներից մեկը: «Փորձը ցույց է տալիս, որ երբ  երեխաները նախակրթարան են հաճախում, ապա դպրոց հաճախելիս արդյունքն ավելի լավ է լինում: Նախակրթարանների և մանկապարտեզների ծրագրերին մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում, քանի որ այն մի շարք խնդիրներ է լուծում համայնքների և ծնողների կյանքում, որի արդյունքում ծնողներն ավելի երկար ժամանակ են տրամադրում իրենց մասնագիտական խնդիրներին»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ԵՄ գործընկերների հետ քննարկվում է նախակրթարանների ու մանկապարտեզների ուղղությամբ համապատասխան ծրագրերի իրականացման հնարավորությունը: «Ներկայումս քննարկում ենք նախակրթարանների և մանկապարտեզների տարբեր մոդելներ, այս տարբերակը ևս հետաքրքիր է: Մանկապարտեզների տարբեր մոդելների դեպքում համայնքը կարող է ընտրել այն մոդելը, որ հարմար է այդ համայնքին՝ ֆինանսական միջոցների, երեխաների թվի և այլ առումներով: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, հատկապես Հայաստանի փոքրիկ, հպարտ քաղաքացիներին, որոնց կրթությանը մենք մեծ ուշադրություն ենք դարձնում: Նախակրթարանների, մանկապարտեզների բացումը մեր քաղաքականության, Կրթության և գիտության նախարարության նոր թիմի գլխավոր սկզբունքներից մեկն է, այն է՝ կրթությունը հասանելի դարձնել շատերին, այլ ոչ թե քչերին, քանի որ նախկինում երբեմն այս սկզբունքը խախտվել է»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Նշենք, որ մոբիլ մանկապարտեզների համակարգը նախատեսված է գյուղական համայնքներում նախադպրոցական  կրթության խնդրի լուծման համար և ենթադրում է մասնագետների շարժական թիմերով, կրթության  պետական չափորոշիչների հիման վրա խառը խմբերով  նախադպրոցական կրթության ապահովում 3-5 տարեկան երեխաների համար: Մոբիլ մանկապարտեզները  դասական «կրթություն-խնամք» մոդելի փոխարեն առաջարկում  է  «կրթություն» մոդելը և ունի դպրոցում գյուղաբնակ երեխաների համար մանկապարտեզ հաճախած երեխաների հետ հավասար մեկնարկային պայմաններ ստեղծելու  նպատակ։ Նախադպրոցական  կրթության ծառայությունը երեխաներին մատուցվում է ըստ վերջիններիս բնակավայրի։

Գոյություն ունի մոբիլ մասնագետների  կողմից ծառայությունների մատուցման 2 տարբերակ՝ բազմամասնագիտական թիմով և մեկ մանկավարժի/ դաստիարակի կողմից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։