Երևանի ֆիզիկայի ինստիտուտը տոնում է իր 75-ամյակը
2018-10-01
Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտը) տոնում է իր 75-ամյակը։ Հանդիսավոր միջոցառումների շրջանակում երիտասարդ գիտնականները և կրտսեր տարիքի դպրոցական երեխաները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Գերմանիայից ժամանած գիտնականները լաբորատորիայի այգու տարբեր տաղավարներում գիտական փորձեր են իրականացրել Երևանից և ՀՀ մարզերից ժամանած ավելի քան հինգ հարյուր երեխաների համար։ Նման մասշտաբային միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքներին աջակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, միջազգային և տեղացի գիտնականներին միավորել էր մեկ նպատակի շուրջ՝ երիտասարդների մոտ գիտության նկատմամբ հետաքրքրության սերմանում։
Միջոցառման շրջանակում մասնակիցները դիտել են նաև Ա․Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի 75-ամյակին նվիրված ճանաչողական ֆիլմ։
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ով շրջել է լաբորատորիայի տարածքում՝ այցելելով Տեղեկատվական տեխնոլոգիաների և Տիեզերական ճառագայթներ բաժանմունքներ:
Նշենք, որ Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտանականները զբաղվում են բարձր էներգիայի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի, տիեզերական ճառագայթների ոլորտներում հիմնարար հետազոտություններով: Լաբորատորիան գտնվում է Երևանում և ունի երկու բարձր լեռնային տիեզերական ճառագայթների՝ Նոր Ամբերդ (2,000մ) և Արագած (3,200մ) հետազոտությունների կայաններ: