Երաժշտամանկավարժական քոլեջն ունի վերանորոգված մարզադահլիճ
2018-09-28
Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում այսօր տոն էր. ուսանողները, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի հետ համատեղ, կտրեցին վերջերս վերանորոգված մարզադահլիճի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը: «Այս քոլեջում եղել եմ մայիսին, որի ընթացքում ականատես եմ եղել, թե ինչ անմխիթար վիճակում էր գտնվում մարզադահլիճը: Ուրախ եմ, որ իմ այցելությունն ընդամենը փոքր խթան է եղել՝ սկսելու այս գործընթացը, և որ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ այսպիսի մեծ փոփոխություններ կատարել: Հատկանշական է, որ վերանորոգման համար քոլեջին հավելյալ գումար չի տրամադրվել. ուսումնական հաստատությունն այն իրականացրել է իր ֆինանսական միջոցների խնայողությունից, որն էլ իր հերթին վկայում է տնօրենի արդյունավետ աշխատանքի մասին: Իհարկե, կրթության ոլորտի խնդիրներն ունեն օբյեկտիվ պատճառներ՝ որոշակի թերություններ, ցածր աշխատավարձ՝ կապված երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ, բայց, այնուամենայնիվ, դրանց կողքին կան նաև սուբյեկտիվ գործոններ, որոնք կապված են տնօրենի, խորհրդի, կոլեկտիվի համերաշխության, ուսանողների՝ լավ սովորելու ձգտման հետ: Վերջինիս պարագայում դասախոսն ավելի հաճույքով է մտնում լսարան, իսկ տնօրենն էլ սիրով նվիրվում է՝ ուսանողների համար լավ պայմաններ ստեղծելու գործին»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ մարզադահլիճի վերանորոգումը նոր փոփոխություններ իրականացնելու սկիզբ կհանդիսանա: