Քննարկվել են փորձագիտական աջակցության հիմնական ուղղությունները
2018-09-26
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հանդիպում է կայացել Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ, որը գլխավորել է Հայաստանում ԱԶԲ տարածաշրջանային տնօրեն Շեյն Ռոզենտալը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանկի «Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրի» տեխնիկական աջակցության վերաբերյալ հարցեր:
Նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, նշել է, որ Ասիական զարգացման բանկը երկար տարիներ աջակցում է կրթության ոլորտի զարգացման ծրագրերին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ ներկայիս համագործակցությունն առավել թիրախային և արդյունավետ կլինի՝ ոլորտի զարգացման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում նախանշվել են այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ ակնկալվում է բանկի փորձագիտական աջակցությունը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել բանկի կողմից առաջարկվող աջակցության հիմնական ուղղություններին, այն է՝ փաստերի վրա հիմնված կրթության քաղաքականության ձևակերպում, ուսուցիչների պատրաստում և վերապատրաստում, հանրակրթության ղեկավարում և կառավարում, ինչպես նաև ծրագրային բյուջետավորում: