Մեկնարկել է տարվա լավագույն դաստիարակ, ուսուցիչ և տնօրեն մրցույթների հանրապետական փուլը

2018-09-25

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մեկնարկել է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթների հանրապետական փուլը, որին այս տարի մասնակցում է 32 մանկավարժ` Հայաստանի Հանրապետության 9 մարզերից, Երևանից և Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններից:
 ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել են  մրցութային  հանձնաժողովներ` նախարարի տեղակալների գլխավորությամբ. «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հանձնաժողովը գլխավորում է նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթինը` նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթինը` նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Հանձնաժողովների կազմերում ընդգրկված են ոլորտի մասնագետներ, նշված մրցույթների նախորդ տարիների հաղթողներ, ԿԳ նախարարության ներկայացուցիչներ:
Ողջունելով մասնակիցներին` մրցութային հանձնաժողովների նախագահները կարևորել են մանկավարժի պատասխանատու աշխատանքը և շեշտել, որ հաղթեն արժանավորները. «Ուսուցչի ուսերին ամենօրյա պատասխանատու աշխատանք է դրված և որևէ մրցանակով թերևս հնարավոր չէ գնահատել  այն մեծ գործը, որ նրանք կատարում են»,-իր խոսքում նշել է նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը: ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը շնորհավորել է մասնակիցներին` նախորդ փուլերում հաղթելու համար և նշել. «Այս մրցույթներն ուսուցչի աշխատանքը գնահատելու և նրանց շնորհակալություն հայտնելու խորհրդանշական ձև են, որովհետև մանկավարժ լինելը սոսկ աշխատանք կամ մասնագիտություն չէ, այլ առաքելություն»: ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել բոլոր մասնակիցներին և ընդգծել, որ արժանապատիվ քաղաքացու գիտակցությունը ձևավորվում է կրթական համակարգում և այդ գործընթացում խիստ կարևորված է մանկավարժի անձնական օրինակով դաստիարակելու գործոնը:
Մրցույթների ամփոփումից  հետո հանձնաժողովները փակ քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ կընտրեն հաղթողներին: Գործող կարգի համաձայն`  «Տարվա լավագույն ուսուցչը», «Տարվա լավագույն դաստիարակը» և «Տարվա լավագույն տնօրենը» կպարգևատրվեն ՀՀ վարչապետի կողմից:
«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթն  անցկացվում է 3 փուլով՝  ներդպրոցական, մարզային (Երևանի քաղաքային) և  հանրապետական: 1-ին փուլն անցկացվում է ուսումնական հաստատություններում` սեպտեմբերից-մարտ ընկած ժամանակահատվածում:  Ուսումնական հաստատությունում լավագույնը ճանաչված ուսուցիչը իրավունք է ստանում մասնակցելու 2-րդ փուլին, որը սկսվում է ապրիլի 1-ին, արդյունքներն ամփոփվում են մինչև մայիսի 20-ը: 2-րդ փուլն անցկացնում են ՀՀ մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ստեղծված գնահատող հանձնաժողովները (առնվազն 5 անդամ), որոնց կազմում ընդգրկվում են մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) և ԿԳ նախարարության ներկայացուցիչներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ: ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների, ոչ պետական դպրոցների համար մրցույթի 2-րդ փուլը կազմակերպում և անցկացնում է նախարարությունը: Այս փուլն ընդգրկում է  կլոր սեղան-հանդիպում,  բաց դասերի կազմակերպում,  վարպետաց դասերի անցկացում: 2-րդ փուլի  հաղթողների տվյալները մինչև տվյալ տարվա մայիսի 30-ը ներկայացվում է նախարարություն` հանրապետական փուլին մասնակցելու համար: Հանրապետական փուլն անցկացվում է կլոր սեղան-բանավեճի ձևաչափով` գնահատող հանձնաժողովի կողմից առաջադրված թեմայի շուրջ:
Հանրապետական փուլի մասնակից ուսուցիչներից ընտրվում են նաև հաղթողներ «Նվիրում երեխաներին»,  «Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ»,  «Ազատությունը և ժողովրդավարական արժեքները կրթության մեջ» անվանակարգերում։
«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի  հանրապետական փուլի մասնակիցներից  ընտրվում են հաղթողներ  «Նորարարությունը մանկավարժության մեջ»,  «Սիրտս նվիրում եմ երեխաներին»,  «Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հագեցնելու համար»  անվանակարգերում:
«Տարվա լավագույն տնօրեն» մրցույթն անցկացվում է 2 փուլով՝ մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական` նույն կարգի համաձայն:
«Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն»  մրցույթների հանրապետական փուլն ամփոփվում է մինչև սեպտեմբերի 25-ը: Հաղթողները նույն մրցույթին կրկին կարող են մասնակցել 5 տարի անց:
Նշենք, որ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», և «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթները կազմակերպվում են սկսած 2000 թվականից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։