15 քոլեջում ներդրվում է «Օրգանական գյուղատնտեսություն» ուսումնական մոդուլը
2018-09-18
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում այսօր տեղի է ունեցել «Օրգանական գյուղատնտեսություն» ուսումնական ձեռնարկի և երկու ուղեցույցների շնորհանդեսը: Միջոցոռմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Ավստրիական զարգացման գործակալության ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտի, հասարակական կառույցների և գյուղատնտեսական քոլեջների մի շարք ներկայացուցիչներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ողջունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության, Ավստրիական զարգացման գործակալության և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր աջակցում են Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումներին. «2007 թվականից առ այսօր Եվրոպական Միությունը հանդիսանում է ՄԿՈՒ համակարգի բարեփոխումների հիմնական աջակցող կառույցներից մեկը: Ներկայումս իրականացվող «Ավելի լավ որակավորում ավելի լավ աշխատանքի համար» բյուջետային աջակցության ծրագիրն ուղղված է գյուղատնտեսական ոլորտի ՄԿՈՒ հաստատությունների զարգացմանը: Այն նպատակ ունի գյուղատնտեսության ոլորտում բարձրացնել աշխատաշուկայի արդյունավետությունն ու ՄԿՈՒ շրջանավարտների մրցունակությունը՝ մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացման միջոցով»,- նշել է ԿԳ նախարարը: Նրա խոսքով` քոլեջներում ներդրվող օրգանական գյուղատնտեսության նոր դասընթացը կնպաստի ոլորտի զարգացմանը, ինչպես նաև շրջանավարտների կարիերայի հետագա պլանավորմանն ու մասնագիտական առաջխաղացմանը: Նախարարը նաև հույս է հայտնել, որ ԵՄ-ի և Ավստրիական զարգացման գործակալության համագործակցությունը կրթության ոլորտում կլինի շարունակական:
«Վստահ ենք, որ այս դասընթացները կնպաստեն նոր ձևավորվող, բայց մրցունակ օրգանական գյուղատնտեսության ոլորտում ուսանողների հետագա կարիերայի առաջխաղացմանը, և Հայաստանը կունենա բարձր որակավորում ունեցող մի շարք մասնագետներ», - ողջույնի խոսքում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նա հույս է հայտնել, որ մոդուլի ներդրման արդյունքում ուսանողները կստանան գիտելիքներ օրգանական գյուղատնտեսության մեթոդներով արտադրված սննդի օրենսդրության, հսկման, հավաստագրման և պիտակավորման, ինչպես նաև շուկայավարման, բիզնեսի և որակի ապահովման պահանջների վերաբերյալ:
«ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մասնագիտական կրթության զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Ավստրիայի լավագույն փորձի կիրառմամբ մենք մշակել ենք ուսումնական ձեռնարկներ ուսանողների համար, իսկ դասախոսների համար՝ մեթոդական ուղեցույցներ: Համագործակցում ենք նաև քոլեջների, բուհերի և ֆերմերների հետ` ուսումնական ծրագրում իրենց դիտարկումները ներառելու նպատակով»,-նշել է Ավստրիական զարգացման գործակալության ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը:
Միջոցառման ընթացքում ներկայացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից մշակված «Մասնագիտական կրթության համակարգում օրգանական գյուղատնտեսության սկզբունքներ» ուսումնական մոդուլը, որի ներդրման արդյունավետությունն ապահովելու նպատակով հրապարակվել է ուսումնական գրականություն:
Օրգանական գյուղատնտեսություն ձեռնարկը նախատեսված է միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում աշխատող դասախոսների համար, ովքեր համանուն մոդուլի ներդրումից հետո դասավանդելու են Օրգանական գյուղատնտեսություն առարկան: Ուղեցույցներից առաջինը նախատեսված է ուսանողների, երկրորդը` օրգանական գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրվողների համար:
Նշենք, որ նոր մոդուլը ներդրման շրջանակում իրականացվել են ավելի քան 90 ՄԿՈՒ մասնագետների վերապատրաստումներ Հայաստանում և Ավստրիայում: Նոր ուսումնական մոդուլը ներդրվում է այս ուսումնական տարվանից շուրջ 15 գյուղատնտեսական և հարակից մասնագիտություններ ունեցող ուսումնական հաստատություններում: