Միջավայրի հարմարեցումը` համընդհանուր ներառական կրթության բաղադրիչ
2018-09-17
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարութունյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերին: Ողջունելով հյուրին՝ նախարարն ընդգծել է, որ հանդիպման վայրը նպատկային է ընտրված և միտում ունի աջակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների հանրայնացմանն ու միջազգային վարկանիշի ձևավորմանը: Պորլիտեխնիկական համալսարանի Schneider գերազանցության կենտրոնի սրահում կազմակերպված աշխատանքային հանդիպումն այս շարքում առաջինն է: Հետագայում այս ձևաչափով հանդիպումները միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ տարբեր բուհերում կլինեն շարունակական:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու գործընթացին առնչվող հարցեր: Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ անցումը համընդհանուր ներառական կրթության, ՀՀ կառավարության և ԿԳ նախարարության առաջնահերթություններից է: Նախարարը տեղակացրել է, որ այս ուսումնական տարվա սկզբից Արմավիրի մարզում անցում է կատարվել համընդհանուր ներառական կրթության, այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում 2019 թվականից Երևանի անցումն ապահովելու ուղղությամբ. «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրումը նշանակում է ունենալ արժեքների նոր, ավելի բարձր որակ: Սա սկզբունք է, որը բխում է Հայաստանի նոր կառավարության գործելաոճից և համահունչ է մեր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների տրամաբանությանը»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ մեծ ցանկություն կա ներառական կրթության ներդրման գործընթացն իրականացնել հնարավորինս արագ, սակայն կան տեխնիկական խնդիրներ, որոնց լուծման հարցում ԿԳ նախարարությունն ակնկալում է միջազգային կառույցների, այդ թվում նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությունը: Նշվել է, որ անգամ այն մարզերում, որտեղ անցում է կատարվել համընդհանուր ներառականության, կան միջավայրի հարմարեցման հետ կապված խնդիրներ: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են Սյունիքի մարզում ավելի քան մեկ տասնյակ դպրոցների և մեկ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի վերանորոգման և վերազինման ծրագրին, որը նախատեսվում է իրականացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ: Դեբորա Գրիսերն իր հերթին վստահություն է հայտնել, որ Սյունիքի մարզում նախատեսված աշխատանքները կնպաստեն համընդհանուր ներառական կրթության համակարգի արդյունավետ ներդրմանը: Անդրադառնալով կրթության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հարցին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս ուղղությամբ առաջընթացն արդեն նկատելի է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երեխային մատուցվող կրթական և սոցիալական ծառայություններին, որպես ներառական կրթության անցնելու կարևոր բաղադրիչ:
Հանդիպման ավարտին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերն շրջայց են կատարել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 6-րդ մասնաշենքում տեղակայված «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» նորարարական կենտրոնում: