Արայիկ Հարությունյանը կարևորել է Արցախում կրթական ծրագրերի իրականացումը
2018-09-11
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Անուշավան Աբրահամյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Անուշավան Աբրահամյանին: Նախարարը շնորհակալություն է հայտնել բարերարին՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում տարիներ շարունակ ներդրած մեծ ավանդի համար: Արայիկ Հարությունյանը հատկապես կարևորել է հիմնադրամի՝ Արցախում կրթական ծրագիր իրականացնելու մտադրությունը՝ ընդգծելով, որ ԿԳ նախարարությունը ևս այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ է տանում: Մասնավորապես, նախատեսվում է բարերարների աջակցությամբ նպատակային 10 տեղ հատկացնել Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանին և մասնագետներ պատրաստել տնտեսության համար կարևոր ոլորտներում՝ մասնավորապես հարդարման շինարարական աշխատանքների և մետաղների մշակման տեխնոլոգիա մասնագիտություններով:
Իր հերթին Անուշավան Աբրահամյանը նշել է, որ վերջերս է վերադարձել Արցախից, որտեղ Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի ուղեկցությամբ եղել է Ստեփանակերտի և Մարտունու, ինչպես նաև Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարաններում, որտեղ հրաշալի հնարավորություններ կան՝ որակյալ կրթություն ապահովելու համար: Բարերարը նշել է նաև, որ մոտ ժամանակներս հիմնադրամի խորհուրդը որոշում կընդունի՝ Արցախում գյուղատնտեսության ոլորտի որևէ արհեստագործական ուսումնական հաստատություն վերանորոգելու, սարքավորումներով վերազինելու վերաբերյալ՝ ներդնելով նոր մասնագիտություններ, մասնավորապես գինեգործություն, գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում, այգեգործություն և այլն: Անուշավան Աբրահամյանը շեշտել է, որ հետևողական է լինելու՝ 2006 թվականից ի վեր ՀՀ 9 ուսհաստատություններում իր կողմից իրականացվող ծրագրերի շարունակական բարելավման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև դասախոսների և վարպետների որակավորման բարձրացման խնդիրներին: