Լաբորատորիաները պետք է հասանելի լինեն բոլոր ուսանողների համար. Արայիկ Հարությունյան
2018-09-10
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարաններ: Նախարարը շրջել է բուհերի լաբորատորիաներում և արվեստանոցներում, ծանոթացել ուսումնական գործըթնացին, կրթական տարբեր հարցերի շուրջ զրուցել դասախոսների և ուսանողների հետ: Նախարարի շրջայացն սկսվել է Պոլիտեխնիկի 17-րդ մասնաշենքում գործող Ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնից, որտեղ ցուցադրվել է անօդաչու թռչող սարքի փորձնական նկարահանում: Մասնագետները նախարարին ներկայացրել են Պոլիտեխնիկում ներդրվող անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացմանն ուղղված հետազոտական նոր ծրագրերը: Այնուհետև ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ Արայիկ Հարությունյանը շրջել է ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված էներգետիկայի լաբորատորիաներում, որոնք հիմնադրվել են ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ, որպես Գերազանցության կենտրոններ: Նախարարը ծանոթացել է նաև 17-րդ մասնաշենքում գտնվող Տեխնոլոգիական ինովացիոն հարթակին: Պոլիտեխնիկում նախարար Արայիկ Հարությունյանի վերջին կանգառը Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիայում էր, որը բացվել է 2013թ-ին` Համաշխարհային բանկի վարկային ծրագրով: Ավելի քան 30 մասնագիտացված և ունիվերսալ ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներից կազմված այս փորձարարական կենտրոնը տեղակայված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Երևանի կրթահամալիրի տարածքում և զբաղեցնում է 10-րդ մասնաշենքի առաջին չորս հարկերը՝ 1600 մ2 տարածքով: Նախարար Արայիկ Հարությունյանին այստեղ ներկայացվել են ինժեներական ուղղվածության գիտաուսումնական, ինչպես նաև մրցութային մի քանի նախագծեր: Զեկուցվել է, որ լաբորատորիան բաց է ոչ միայն Պոլիտեխնիկի, այլ նաև այլ բուհերի ուսանողների և հետազոտողների համար:
Այնուհետև ԿԳ նախարարը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի և բուհի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է ՃՇՀԱՀ ավելի քան մեկ տասնյակ լաբորատորիաներում:
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է ՃՇՀԱՀ Դիզայն ստուդիայի, Քիմիայի և կապակցվող նյութերի, Գեոդեզիայի, Գազաջերմամատակարարման և օդափոխման, Նյութերի դիմադրության, Շինկոնստրուկցիաների լաբորատորիաների, Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնական կենտրոնի ուսումնական և հետազոտական գործունեությանը: Ներկաները եղան նաև «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներոում բացված, Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնագիտահետազոտական և Գրունտների մեխանիկայի լաբորատորիաներում, որտեղ ուսանողների համար ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններին ծանոթացնելու լավագույն հնարավորություններ են ստեղծված:
Ամփոփելով շրջայցի արդյունքը` ԿԳ նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ առկա ինժեներական ներուժը բավարար է նոր մրցունակ ծրագրերի իրագործման համար: «Հնարավորությունները, որ ունեն Պոլիտեխնիկական ու Ճարտարապետության և շինարարության համալսարանները, թույլ են տալիս լուրջ խնդիրներ լուծել: Շատ կարևոր եմ համարում միջբուհական համագործակցությունը. մտահոգիչ է, որ այս լաբորատորիաներից մյուս բուհերի ուսանողներն ու դասախոսներն ավելի քիչ են օգտվում: Ես ուզում եմ կոչ անել բոլոր համալսարանների ուսանողներին իրենց գործնական աշխատանքներում ակտիվորեն ներգրավել այս լաբորատորիաները, որովհետև սրանք բաց կառույցներ են և ստեղծված հնարավորությունները պետք է հասանելի լինեն բոլորին»,-հայտարարել է ԿԳ նախարարը և հավելել, որ Հայաստանում այսօր առաջնային է տեխնոլոգիական համալսարանների խրախուսումը: