Հետազոտություն` սննդակարգի ազդեցությունը կրթության որակի վրա

2018-09-07

ՄԱԿ-ի  Պարենի համաշխարհային ծրագրի և ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցությունը   «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի  շրջանակում ընդլայնվում է նոր հետազոտական բաղադրիչով:

Այդ նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունում  նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ու ՄԱԿ-ի  Պարենի համաշխարհային ծրագրի  հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչը ստորագրել են  համաձայնագիր: Ըստ այդմ` Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակը կիրականացնի Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի նախաճաշիկ բաղադրիչի ազդեցության գնահատումը նախադպրոցական տարիքի երեխաների՝ դասարանում ուշադրության կենտրոնացման, ինչպես նաև դպրոցին պատրաստվածության վրա:  Ազդեցության գնահատման հետազոտությունը կիրականացվի  ՀՀ  երեք մարզերի (Շիրակ, Լոռի և Գեղարքունիք) 50 դպրոցներում` նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում:

Ստորագրման արարողությունից հետո կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի  հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչը տեղեկացրել է, որ Հայաստանի դպրոցներ հաճախող ավելի քան 100 հազար երեխա արդեն տարիներ շարունակ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի  շրջանակում անվճար սնունդ է ստանում  դպրոցում.«Հայաստանում մեծ ուշադրություն են դարձնում դպրոցահասակ երեխաներին և նրանց սննդի կազմակերպմանը: Ծրագրում ընդգրկված երեխաները, ինչպես նաև նրանց ընտանիքները, դպրոցը, կրթության և գիտության նախարարությունը իրենց ներդրումն են ունենում ծրագրի հաջողության համար»,- նշել է Ելենա Միլոշևիչը:

Իր հերթին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը շեշտել է, որ սննդակարգի ազդեցության գնահատումը կրթական գործընթացի վրա կարևոր է կրթության քաղաքականության հետագա մշակման համար. «Որպես կրթության որակի պատասխանատու մարմին` մենք կարևորում են սովորողի որակական հատկանիշները: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կրթության որակի համար 5 բաղադրիչ է առանձնացրել, որտեղ կարևորվում է նաև արդյունավետ սննդակարգի հարցը: Համաձայնագրի մեջ գնահատման բաղադրիչի ներառումը կարևոր է այս տեսանկյունից և կարող է գիտական և մասնագիտական հիմք ապահովել հետագա քաղաքականության մշակման համար»,- հայտաարարել է ԿԳ նախարարի տեղակալը: Նրա խոսքով`հետազոտության համար ընտրվել են այն մարզերը, որտեղ աղքատության ցուցանիշը բարձր է և հատկապես նման մարզերում մեծ տոկոս են կազմում սոցիալապես անապահով ընտանիքների երախները. «Այս հետազոտության շրջանակում թիրախավորվում են նախադպրոցական տարիքի երեխաները: Մեր նպատակն է հստակ մասնագիտական հիմնավորում ունենալ, թե որքանով է առաջնային  սննդակարգը կրթության որակի բարձրացման համար»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը:    

Գնահատման տեխնիկական առաջադրանքն արդեն համաձայնեցվել է մասնագիտական խմբի հետ: Հետազոտությունը տևելու է մեկ տարի,  վերջնական զեկույցը կտրամադրվի կրթության և գիտության, ինչպես նաև առողջապահության նախարարություններին`  մեկնաբանությունների համար: Գնահատման փորձնական հետազոտությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում իրականացվում է առաջին անգամ` Հայաստանում: Հետազոտության ֆինանսավորումը կատարվելու է Պարենի համաշխարհային ծրագրի կողմից:

Նշենք, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ ՀՀ մարզերի դպրոցներում իրականացվում է 2010 թվականից: Ծրագիրն հնարավորություն է տալիս դպրոցներին կից գործող նախակրթարանների, ինչպես նաև առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին ստանալ տաք կամ սառը սնունդ: Ներկայումս 10 մարզերից 5-ում ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի, 5-ում ՊՀԾ-ի կողմից: Ծրագրում ընդգրկված երեխաների 40 տոկոսի սնունդն ապահովվում է ՀՀ պետական բյուջեի, 60 տոկոսը` ՊՀԾ-ի ֆինանսովորմամբ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։